Իրավական 

Ներողամտություն չցուցաբերել կոպիտ խախտումներ թույլ տված վարորդների նկատմամբ. Ոստիկանապետ

analitik.am

Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։

Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանավույն կգնահատվեն ոստիկանության ղեկավարության կողմից, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ Վալերիյ Օսիպյանը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։

Խորհրդակցության ընթացքում ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի բարձրաձայնած խնդիրները ևս դարձան քննարկման առարկա։ Ոստիկանության պետը դրանց արագ և արդյունավետ լուծման համար կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց։

Նույն շարքից