Իրավական 

Բնակարանագողերի մեքենայի խուզարկությամբ ատրճանակ և այլ իրեր են հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Նոր Խարբերդի բնակիչ, 28-ամյա Կորոտկինը և Երևանի բնակիչ, 35-ամյա Պետրոս Մինասյանը մայրաքաղաքի Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել: Տեղեկություն կար նաև, որ Մինասյանի վարած մեքենայում ապօրինի զենք է պահվում: Հուլիսի 31-ին, գողության դեպքից րոպեներ անց, երկուսն էլ, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին: Բաժին հրավիրվեց նաև բնակարանատերն ու հաղորդում տվեց:

Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժինների, նաև տարածքային քննչական բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներ ձեռնարկեցին: Դատարանի որոշմամբ խուզարկվեց Պետրոս Մինասյանի վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Հայտնաբերվեցին և առգրավվեցին մեկ ատրճանակ՝ լիցքավորված յոթ փամփուշտով, նաև՝ տարատեսակ ոսկեգույն զարդեր, կոնյաներ ու վիսկի, արծաթե սպասք, բանալիներ, դռան փական, փական բացելու մետաղյա հարմարանքներ:

Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաձգաբանական փործաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից