Իրավական 

Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը նստած չէ. Քոչարյանի փաստաբանների պատասխանը՝ ՀՔԾ պետին

ՀՔԾ պետի վերլուծությունն իմ տեսակետից միջամտություն էր արդարադատությանը։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Սարգիս Գրիգորյանը՝ հավելելով, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի միջամտություններից կամ քննարկումներից, որոնք վտանգում են տվյալ դատական պրոցեսը: Փաստաբան Հայկ Ալումյանն իր հերթին ասաց, որ պետական մարմինների կողմից տրվող գնահատականները չպետք է լինեն այդպիսի միաշնանակ:

Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանն էլ հայտարարեց, որ ՀՔԾ պետի գնահատականները լսել է նաև այն դատավորը, ով պետք է լսի իրենց բողոքը և մարդը կարող է վախենալ. «ՀՔԾ պետի ելույթն այս տեսանկյունից հարիր չէր: Այս հարիր բառի մասին հետո էլի կխոսենք»:

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով, ՀՔԾ պետի երեկվա հարցազրույցի մեջ կան բազմաթիվ վիճելի, սխալ փաստարկներ՝ հատկապես վերաբերող անձեռնմխելիության ինստիտուտին, 0038 հրամանին:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ՀՔԾ պետի հարցազրույցն իր կյանքում տեսած ամենահակասական ու ոչ համոզիչ հարցազրույցն էր, որտեղ փաստերը, հայտարարություններն, իր կարծիքով հարմարեցված են այն նպատակին, որոնք ի սկզբանե դրված են քննչական ծառայության առաջ. «Դա վերաբերում է և 0038 հրամանի գաղտնազերծմանը: Այո, այդ փաստաթուղթը եղել է մեղադրական եզրակացության մեջ և այն բանից, որ այդ տեքստը խրոխտ ձայնով ես կարդում, գործի էությունը չի փոխվում: ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին: Նման փաստեր գոյություն չունեն: ՀՔԾ-ն պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ մարտի 1 է լինելու»:

Սողոմոնյանը նաև հարց բարձրացրեց, թե ինչու նստած չեն գործի մյուս մասնակիցները. «Ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ և որոնց անունները հայտնի են: Նրանցից մեկը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Սա ի՞նչ ընտրողականություն է: Ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում  է: Որևէ ապացույց, հիմնավորված փաստարկ չկա, որ կապացուցեր նախագահի մեղքը 10 զոհ ունենալու մեջ»:

Նույն շարքից