Իրավական 

ՀՔԾ պետը հասկացությունները խառնում է իրար հետ. Քոչարյանի փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանի խոսքերով, խնդիր կա և Ռոբերտ Քոչարյանին առաջադրած մեղադրանքի մասով, և կալանավորման հետ կապված, և դրանք նույն խնդիրը չեն:

Այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալումյանը նշեց, որ անձը կարող է հիմնավոր կամ անհիմն մեղադրվել, սակայն չգտնվել կալանքի տակ. «Տվյալ դեպքում մենք բողոքարկում ենք կալանավորման խնդիրը՝ հարցը դնելով հետևյալ տեսանկյունից: Լավ դուք նրան բավականին ծանր մեղադրանք եք առաջադրել, այդ գործը քննվելու է դատարանում, բոլորը տեսնելու են, բայց ինչո՞ւ է անհրաժեշտ այսօր  Քոչարյանին կալանքի տակ պահելու համար»:

Ալումյանի խոսքերով, անձին կալնավորելու համար պետք է լինի անհրաժեշտ երեք հիմքերից մեկը՝ որ նա կարող է ազատության մեջ գտնվելով նոր հանցագործություն կատարել, կարող է թաքնվել, կարող է խոչընդոտել քննությանը. «Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից և կարող է խոչընդոտել քննությանը: Պարոն Քոչարյանը, ծանուցված լինելով և գտնվելով արտասահմանում, մոտ 20 օր առաջ հայտնել է, որ կվերադառնա ՀՀ և կնեերկայան ՀՔԾ: Եթե նա թաքնվելու ցանկություն ունենար, կարող էր չվերադառնալ Հայաստան: Ընդ որում, նա գիտեր, թե ինչ շրջադարձ է ստացել գործը: Խոսքը վերաբերում է Միքայել Հարությունյանի մեղադրանքին, և կանխատեսելի էր, որ նույնը կարող է լինել Քոչարյանի դեպքում: Այսպիսով,  հերքվում է դատարանի այն փաստարկը, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից: Սա հաշվի առնելով՝ արդեն երեկ ՀՔԾ պետը ասաց, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, թաքնվելու մասին չխոսեց»:

Ինչ վերաբերում է քննությանը հնարավոր խոչընդոտելու կետին, Ալումյանը նշեց, որ ՀՔԾ պետը հասկացությունները խառնել է իրար հետ. «Այո, պարոն Քոչարյանը ունի մեծ շրջապատ, որոշակի շրջանակներում ազդեցություն: Այսինքն նա ունակ է որոշ չափով որոշ անձանց վրա նաև ազդեցություն գործել: Սակայն օրենքի տրամաբանությունը ոչ թե այն է, թե անձն ունակ է ճնշում գործադրել, կամ թաքնվել, կամ ունակ է հանցագործություն կատարել, այլ այն՝ արդյո՞ք այդ մարդն իր գործողություններով ցույց է տվել, որ այդպիսի հավանականություն կա: Նման փաստ, դրսևում դատարանի որոշման մեջ վկայակոչված չէ, և երեկ ՀՔԾ պետի կողմից նման բան չասվեց: Այպիսի հայտարարությունները կոչվում են մերկապարանոց հայտարարություններ»:

Փաստաբաններից Ռուբեն Սահակյանն իր հերթին նշեց, որ կալանքի մասով այսպիսի որոշումների դեմ ՄԻԵԴ-ում տասնակ գործեր կան, և Հայաստանը տասնյակ հազար եվրոների տուգանք է վճարում, հիմա էլ նույնն է կրկնվում:

Նույն շարքից