Բարի օր Իրավական 

Ուզում են սպանե՞լ Մանվել Գրիգորյանին, թե՞ գործն օբյեկտիվ քննել. Արսեն Մկրտչյան

analitik.am

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն Analitik.am_ի հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Նա նշեց, որ ամեն օր այցելում է նրան և օր օրի տեսնում է, թե ինչպես է էլ ավելի վատանում Գրիգորյանի տեսքն ու առողջական վիճակը. «Շաքարախտի ցուցանիշներն օր օրի ավելի են բարձրանում, դեռևս հունիս ամսին Մանվել Գրիգորյանը պետք է քիմիա ստանար, որը չի ստացել: Կալանավայրի պայմաններում հնարավոր չէ քիմիա ստանալ, քանի որ մի շարք անալիզներ կան, որ Գրիգորյանը պետք է հանձնի մինչև քիմիա ստանալը: Բուժող բժիշկ Ն. Ավետյանը գրավոր տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին, որ Գրիգորյանի ունեցած հիվանդություններով մարդուն հակացուցված է կալանավայրում գտնվելը »:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչ է պետք  անել, Մկրտչյանը նշեց. «Եթե վարույթն իրականացնող մարմինը Մանվել Գրիգորյանին սպանելու ցանկություն չունի, ապա պետք է փոխի խափանման միջոցը, այլապես ստացվում է, որ դանդաղ մահը փորձում են արագացնել: Մանվել Գրիգորյանը լուրջ հիվանդ է, կալանքի տակ պահելով ուղղակի արագացնում են նրա մահը: Նախաքննությունն իրականացնող մարմինը պետք է հասկանա՝ ուզում է  գործն օբյեկտիվ  քննել, թե՞ Մանվել Գրիգորյանին սպանել»:

Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փորձաքննություն է նշանակված, որը պետք է պարզի՝ արդյոք Մանվել Գրիգորյանի բժիշկների տված ախտորոշումները համապատասխանում են իրականությանը:

Նույն շարքից