ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի համար սպասելի է եղել, որ Գլխավոր դատախազությունը կմերժի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Ազատության հետ զրույցում Շարմազանովը նշել է, որ օրեր առաջ ՀՔԾ պետն արդեն հնչեցրել է օրվա իշխանությունների կարծիքը՝ նշելով, որ ճիշտ կլինի, եթե Քոչարյանը մնա կալանքի տակ. «Ես դա անվանել եմ ուղղակի միջամտություն արդարադատությանը: Եվ այսօրվա այս որոշման պատճառաբանությունն անընդունելի է, թերի և անհասկանալի: Բացի դրանից, ինձ համար անհասկանալի է, որ երկրորդ նախագահի կալանքը վերացնելու միջնորդությունը, որի տակ ստորագրել է 45 պատգամավոր, մերժվում է ոչ հիմնավոր փաստարկներով: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ անհրաժեշտություն չկա»:
Շարմազանովի խոսքերով, Քոչարյանին կալանքի տակ պահելու մասով այս որոշումն իր մոտ առաջացնում է մտավախություն, որ Հայաստանում զանգովի ու ընտրովի արդարադատություն է. «Որքան էլ վարչապետը, նոր իշխանությունները հայտարարեն, որ ընտրովի արդարադատություն չկա, ամեն ինչ նորմալ է, ինձ մոտ այդ տպավորությունը չկա: Սա քաղաքական պատվեր է, անձնական հաշիվների մաքրում: Ուզում եք անունը դրեք վրեժխնդրություն, ուզում եք դրեք վենդետա: Կրկնակի խայտառակություն է, որ Սասնա ծռեր խմբի անդամներին 2-3 պատգամավորի միջնորդությամբ ազատ են արձակում, իսկ երկրորրդ նախագահի կալանքը փոխելու համար 45 պատգամավորի երաշխավորությունը քիչ է համարվում: Եվ սա այն դեպքում, որ Սասնա ծռերի գործողություններն ահաբեկչական գործողություն էր ՀՀ-ի նկատմամբ»:
ԱԺ փոխխոսնակի պնդմամբ, դա նշանակում է, որ ոստիկանին սպանողը վտանգ չի ներկայացնում, իսկ երկրորդ նախագահը, ով կամավոր ներկայացել է հարցաքննությանը, վտանգ է ներկայացնում. «Սա ընտրովի արդարադատություն է, նոր Հայաստանում չկա արդարադատություն, գործում է քաղաքական պատվեր: Դատախազության բացատրությունն օդ է: Ի՞նչ է նշանակում խոչընդոտել: Քոչարյանը թուրքից չի փախել, ձեզնից ուր պետք է փախներ: Եթե նա փախնելու լիներ, չէր գա»: