Analitik.am- ի զրուցակիցն է իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Պարոն Վարդանյան, ի՞նչ է կատարվում Իրանում: Տարբեր աղբյուրներ նշում են, որ ցույցերը մեր հարևան երկրում նոր թափ են ստացել:
Այո, Իրանում որոշակի դժգոհություններ կան, բայց այդ դժգոհությունները շատ լոկալ բնույթ են կրում: Եթե համեմատենք Իրանում ապրող բնակչության թվաքանակի հետ, ցույցերը 200-300 հոգանոց ցույցեր են: Իմ կարծիքով Իրանում վերջին օրերին վիճակը հանգտացել է և գնում է դեպի կայունացման: Ցույցերը հիմնականում կապված են երկրի տնտեսական վատ վիճակի հետ՝ դոլարի թանկացում, պետական արժույթի ցածր լինել և ապրանքների թանկացում: Այսինքն, տնտեսական հիմք ունեն այդ բողոքները:
Իսկ մարդիկ ի՞նչ են պահանջում:
Մարդիկ հիմնականում պահանջում են սոցիալական վիճակի բարելավում և ապրանքների էժանացում: Այդ սոցիալական պահանջներին միանում է նաև քաղաքական որոշակի վանկարկումեր, որոնց վրա էլ փորձում են ազդել դրսի ուժերը: Տեխնիկական միջամտության շնորհիվ այդ ամենը հանգել է նրան, որ այդ տնտեսական, սոցիալական հիմք ունեցող բողոքները վերաճեն և դառնան քաղաքական բողոքներ: Մարդկանց հիմնական ցանկությունը կյանքի լավ որակի բարելավումն է:
Իսկ իշխանություններն ի՞նչպես են տրամադրված: Պատրաստ են արդյո՞ք բավարարել քաղաքացիների պահանջները:
Իրանի պարագայում իշխանությունները միշտ փորձում են գնալ երկխոսության և գոնե օբյեկտիվ կերպով բավարարել բնակչության պահանջները, ոչ թե մերժել ժողովրդի կոչը, որովհետև հասկանում են, որ իրականում այդ դժգոհությունները տեղին են և երկրում իսկապես կան սոցիալական խնդիրներ, երկրում կա բարձր գործազրկության տոկոս: Իշխանությունները փորձում են ժողովրդին բացատրել բուն պատճառը, բայց մինչ այդ ինչ-որ չափով լուծում են առաջացած խնդիրը:
Տեսեք, այս ցույցերի ֆոնին ԱՄՆ-ը հայտարարել է, որ պատրաստվում է ավելի խիստ պատժամիջոցների, քան դրանք, որոնք կային 2015-ի միջուկային պայմանագրից առաջ: Ի՞նչ կասեք այս մասով:
Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ԱՄՆ-ն շատ երկիմաստ հայտարարություններ է անում: Նախ հայտարարություն է անում, որ ցանկանում է բանակցություններ վարել, այնուհետև հայտարարություն է անում, որ պետք է նոր պատժամիջոցներ կիրառել և Դ.Թրամփը ստորագրել է այդ պատժամիջոցները կիրառելու հրամանը և որը պետք է մոտակա ամիսներին կյանքի կոչվի: Հետո նորից բանակցությունների է կանչում իրանական կողմին:
Մի բան ակնհայտ է, որ ամերիկյան կողմը հասկացել է, կամ հասկանում է, որ իրանական կողմի հետ առերեսման գնալով կամ այսպես ժխտողական քաղաքականություն վարելով երկար չի շարունակվի: Իրանը Մերձավոր Արևելքում ՝ մեր տարածաշրջանում շատ մեծ դեր է խաղում և Իրանի հետ բախումն ամենևին էլ պատերազմ չի՝ Սիրիայի, Իրաքի և մնացած այլ երկրների հետ: Իրանը շատ մեծ ծավալի խաղացող է, որը լավ հասկանում են Ամերիկայում, և այս կոչերը, այս բանակցությունների հրավերները կամ թեկուզ պատժամիջոցների սպառնալիքները բերում են նրան, որ իրանական կողմին բերեն բանակցությունների՝ սեփական ամերիկյան օրակարգը թելադրելով:
Պարոն Վարդանյան, Թեհրանն իրավունք ունի՞ իրեն խաբված զգալու: Խոսքը միջուկային պայմանագրի և ԱՄՆ-ի գործողությունների մասին է:
Այս պարագայում թերևս Թեհրանը միշտ պնդում է, որ ինքը կատարել է իրանական միջուկային համաձայնագիրը: Դա ոչ միայն իրանական կողմն է պնդում,այլ նաև միջուկային համաձայնագրում ընկղմված բոլոր կողմերը, բացի Միացյալ Նահանգներից: Եվրոպական կողմը նույնպես, չինական, ռուսական կողմերը պնդում են այդ ամենը, որ իրանական կողմը պարտաճանաչորեն կատարել է միջուկային համաձայնագրում ստանձնած պարտավորվածությունները: Եվ սա իրանական կողմի համար լրացուցիչ ազդակ է՝ շեշտելու, որ ամեն ինչ կատարել է, բայց ամերիկյան կողմն ինչ-ինչ պատճառներով չի ընդունում այս համաձայնագիրը և պնդել է նորը: Այս ասպեկտով ինչ-որ չափով իրեն խաբված է զգում իրանական կողմը, չնայած ամերիկյան կողմը պնդում է, որ խաբվածը հենց իրենք են, որովհետև դա ամենևին էլ այն համաձայնագիրը չէր, ինչ նրանք ցանկանում էին:
Ավանդական հարցից երևի թե չենք կարող խուսափել: Որքանո՞վ են զարգացումները վտանգավոր Հայաստանի համար:
Զարգացումերը ռիսկեր պարունակում են հայկական կողմի համար, քանի որ ամերիկյան պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են բանկային համակարգին, և հայ ներդրողները, գործարարները բնականաբար խուսափելու են, կամ եթե չխուսափեն էլ որոշակի մտավախություններ են ունենալու՝ հետագա գործունեություն ծավալելու համար: Ամերիկյան պատժամիջոցների տակ շատ չընկնելու համար փոքր ինչ փորձելու են ավելի կաշկանդվածություն ցուցաբերել իրանական կողմի հետ հարաբերություններում:
Սակայն ես կարծում եմ, որ այստեղ պետք չի վախենալ, որովհետև եթե ինչ-որ մի կողմ իր պատժամիջոցները պարտադրի, ապա պետք է բարի լինի Հայաստանը դուրս բերի շրջափակումից: Գիտենք, որ Հայաստանն արևելքից և արևմուտքից շրջափակված է, հյուսիսային կողմն էլ տեսնում ենք, թե վերջին օրերին ինչ է կատարվում, խոսքը Լարսի անցակետի մասին է: Հետևաբար մնում է միայն Իրանը: Եթե ինչ-որ կողմ՝ լինի ամերիկյան կողմը, թե աշխարհի մեկ այլ երկիր, որը կփորձի Հայաստանին պարտադրել միանալ իր պատժամիջոցներին կամ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ հարաբերություններ հաստատելու համար, ապա նա պարտավոր է Հայաստանի սահմանները բացել, հակառակ դեպքում ոչ մի բարոյական իրավունք չունի:
Կարծում եմ, որ հայ ներդրողը չպետք է այդքան վախենա ամերիկյան պատժամիջոցներից, մանավանդ, որ նախկին պատժամիջոցների ժամանակ մենք դեպքեր ունեցել ենք, երբ հայ ներդրողը կարողացել է բավական ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատել Իրանի հետ և մեգա-պռոեկտներ իրականացնել՝ այդ տարիներին կառուցելով 300 իրանական գազամուղ: