Բարի օր Իրավական 

Հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ. ՀՔԾ պետ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին և մասնավորապես նրան, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանն իր կողմից տրված գնահատականը երկրորդ նախագահի փաստաբաններն անգրագետ են անվանել, ասաց, որ դա վերջիններիս կարծիքն է, իսկ ինքն ընդամենը նշել է, որ այդ որոշումը ապօրինի է. «Պատկերացրեք, որ այդ բնորոշումը շատ մեղմ է»:

Ինչ վերաբերում է որոշումը բողոքարկելուն, Խաչատրյանն ասաց, որ ՀՔԾ-ն նման լիազորություններ չունի:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Մարտի 1-ի գործի վրա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը՝ ՀՔԾ պետը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կտանի և Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությանը. «Չեմ կարծում, թե նա կփորձի լքել երկիրը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն եթե նա փորձի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, թաքնվելու փորձ և կկիրառվի խափանման միջոց»:

Նույն շարքից