Իրավական 

ՀՔԾ պետը՝ Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին հարցաքննության կանչելու մասին

analitik.am

Ընթացքում է, պրոցեսում է: Այսօր՝ օգոստոսի 16-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պարզվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում հայտնաբերված զենքի մասով. «Թող պրոցեսն ավարտվի, փորձաքննություն է ընթանում: Թողեք աշխատենք, լա՞վ»:

Խոսելով այն մասին, որ Աղվան Հովսեփյանի անունը շատ է շրջանառվում վերջին շրջանում և հնարավոր է արդյո՞ք որ նա հարցաքննության կանչվի՝ Խաչատրյանն ասաց՝ եթե Աղվան Հովսեփյանի մասով մի բան ասի, ուրիշ անուններ կհնչեն. «Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ բոլոր այն անձինք, որոնց հարցաքննության համար անհրաժեշտություն լինի, կհարցաքննվեն»:

ՀՔԾ պետը խոսեց նաև այն տեղեկությունների մասին, որ Մարտի 1-ին հավաքագրվել են զինված ապօրինի խմբեր՝ հայտարարելով, որ այդ մասով շա՜տ, շա՜տ խորացված, մեծ ծավալով քննություն է իրականացվում հանգամանքները ստուգելու համար:

Լրագրողի հարցին, թե հարցաքննության կանչվելու են արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, Վաչագան Ղազարյանը, Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ ստուգվելու է. «Խնդրում եմ մի ստիպեք ինձ ասել, թե ում ենք հրավիրելու, ում չենք հրավիրելու, դա գործի շահերից չի բխում»:

Խոսելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ ՀՔԾ պետն ասաց, որ վերջինիս մեղադրում են ոչ թե 10 մարդու սպանության, այլ Սահմանադրական կարգը խախտելու մեջ. «Սահմանադրական կարգի տապալման արդյունքում եղել են բախումներ, ներգրավված է եղել բանակը, զորքերը, ըստ որոշ տեղեկությունների՝ այլ խմբավորումներ և սպանվել են մարդիկ»: Հարցին, թե ինչո՞ւ 0038 հրամանն ամբողջությամբ չի բացահայտվում, ՀՔԾ պետն ասաց, որ այն պետք է անի ՊՆ-ն, որն էլ արձակել է հրամանը:

Նույն շարքից