2010 թվականի հունիսի 10-ին «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այժմ՝ «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ) և «Բյուրակն» ՍՊ ընկերության միջև կնքվել էր վարկային պայմանագիր: Այնուհետև վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման համար Բանկի և «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊ ընկերության միջև կնքվել էր գրավի պայմանագիր, որով գրավադրվել էր Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի 1/2 հասցեում գտնվող Արզնու հանքային ջրերի գործարանը:
2015 թվականի մարտի 4-ին «Անելիք Բանկ» և «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊ ընկերության միջև կնքվում է համաձայնագիր, որի 1-ին կետի համաձայն՝ գրավի առարկայի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձման գործընթաց իրականացնելուն հաջորդիվ Պատասխանողը պարտավորվել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ ընկերությանը կամ նրա նշած երրորդ անձին տրամադրել 2 երկու տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունք: Սա նշանակում է, որ «Անելիք Բանկ»-ը գույքի նկատմամբ բռնագանձում իրականացնելու ժամանակ պարտավորվել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊ-ին երկու տարի գույքը գնելու բացառիկ հնարավորություն տալ: Սակայն, 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Պատասխանողի և «Տարմակ» ՍՊ ընկերության միջև կնքվել է գործարանի առուվաճառքի պայմանագիր, որով վաճառվել է «Բ.Մ.Լ. Արզնի»-ին պատկանող գույքը՝ փաստացի խախտելով ստորագրված համաձայնագրի պայմանները:
2017 թվականի հոկտմբերի 4-ին «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Անելիք բանկ» ՓԲ ընկերության, երրորդ անձ` «Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի մարտի 2-ին կայացրել էր վճիռ, որով ամբողջությամբ բավարարել էր Ասոյանի պահանջը:

«Անելիք բանկ» ՓԲ ընկերությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք: 2018 թվականի հուլիսի 20-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մասնակիորեն բավարարել է ներկայացված բողոքը, բեկանել է վճիռը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ որոշմամբ նշված ծավալով նոր քննության:
Օրեր առաջ Բ.Մ.Լ. ԱՐԶՆԻ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչ հիմնավորումներ են բերվել վճռաբեկ բողոքում և ի՞նչ իրավախախտումներ են եղել վերաքննիչ դատարանի վճռում:
Մեզ հաջողվեց մի շարք հետաքրքիր մանրամասներ իմանալ: Այսպես՝ ըստ բողոք ներկայացնող կողմի, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչը նշանակում է, որ դատարանը բողոքը չի քննել հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այսինքն, եթե որևէ անձ դժգոհ է առաջին ատյանի դատարանի կայացրած ակտից և ներկայացնում է բողոք, նշում է կոնկրետ բողոքի հիմքերը, և Վերաքննիչ դատարանը պետք է կոնկրետ այդ հիմքերը քննի նույնիսկ այն դեպքում, երբ տեսնում է, որ այլ հիմքեր, բայց բողոք բերած անձը չի մատնանաշել դրանք, իրավունք չունի անդրադառնալ դրանց: Այս դեպքում Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանել է, բայց անդրադարձել է այնպիսի հիմքերի և հիմնավորումների, որոնք բողոքում նշված չեն եղել: Սա հակասում է նաև ՀՀ Սահմանադրությանը, քանի որ ըստ դրա, բոլոր պետական անձինք և մարմինները պետք է շարժվեն օրենքի համաձայն, այլ ոչ թե ըստ իրենց ցանկության:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում տվյալ վճիռը կայացնող դատավորների կազմում էր Ա. Սմբատյանը, ում դուստրը, մեր աղբյուրների փոխանցմամբ, աշխատում է «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունում, որն էլ դատարանում ներկայացնում է «Անելիք բանկ»-ի շահերը։ Ըստ մեր ունեցած լուրերի, «Կենցեռն Դիալոգ»-ի հետ սերտ կապված է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը։ Այս իրավիճում, կարծում ենք տեղին կլինի, որպեսզի իրավապահ մարմիններն ուշադրություն դարձնեն Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված վճռին, որտեղ տեղ են գտել մի շարք բացթողումներ։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մամուլում էր հայտնվել տեղեկություն, որի համաձայն ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում կոռուպցիոն սխեմա է գործում՝ դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանի հովանավորչությամբ։
Վերոնշյալ հանգամանքների առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է մի վճիռ, որը դուրս է տվյալ դատարանի լիազորությունների շրջանակից: Հետաքրքիր է, թե ինչ որոշում կկայացնի ՀՀ Վճռաբեկ դատարանը՝ կհաստատի՞ արդյոք Վերաքննիչ դատարանի իրավախախտումներով կայացրած որոշումը, թե՞ կբեկանի այն: Ինչ վերաբերում է այս գործի մանրամասներին և նրան, թե ինչից է ծագել վեճը, կանդրադառնանք հաջորդիվ: