Բարի օր Իրավական 

Վահրամ Շահինյանին ո՞վ էր զանգել

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Երեկ բուռն քննարկվեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնի ձայնագրությունը։ Մի կողմ թողնելով այդ ձայնագրության մեջ հնչած մի շարք աբսուրդային հատվածները, անցնեմ ինձ համար ամենացավոտ մասին.
Հեռախոսազրույցում ՀՔԾ պետն ասում է հետևյալ արտահայտությունը՝ տանենք երկու օր պահենք, խելքը գլուխը կհավաքի։

Ամենայն հավանականությամբ, ՀՔԾ պետի աթոռից է, որ բոլոր ՀՔԾ պետերը խելքները թռցնում են։ Կալանքը՝ որպես պատիժ կիրառելու պրակտիկան շատ լավ օգտագործվել է նաև Սասուն Խաչատրյանի նախորդի՝ Վահրամ Շահինյանի կողմից և հենց իմ նկատմամբ։ Ինձ մեկ տարի ու կես ապօրինի կալանքի տակ պահեցին այն հույսով, որ «խելքս գլուխս կհավաքեմ» և իմ կալանքի պատվիրատուներին հաճելի ցուցմունք կտամ։ Այդ ամբողջ ընթացքում իմ նկատմամբ կիրառեցին բոլոր թույլատրված և անթույլատրելի պատժի տեսակները՝ նամակագրությունը փակելուց սկսած վերջացրած հոգեբանական ճնշումներով։

ՀՔԾ պետն իր համար ցանկալի սուտ ցուցմունքը ինձանից կորզելու նպատակով մի ամբողջ տարի զրկել էր ինձ նույնիսկ մորս ձայնը հեռախոսով լսելու իրավունքից։ Հրապարակված գաղտնաձայնագրությունը հերթական անգամ փաստում է իմ ասած յուրաքանչյուր բառը՝ այո, ՀՔԾ-ում եղել է և կա պատվիրված կալանք, որն օգտագործում են՝ իրենց համար ոչ հաճելի քաղաքացիների նկատմամբ որպես պատիժ։

Ռեպրեսիայի այդ ապօրինի գործիքն արդիական է նաև այսօր։ Ես ամենօրյա պայքարով, այժմ արդեն եվրոպական ատյաններում, անպայման հասնելու եմ նրան, որ մի օր Վահրամ Շահինյանը Սասուն Խաչատրյանի նման հրապարակային խոստովանի, թե այդ ո՞ր օլիգարխը, ո՞ր բարձրաստիճան պաշտոնյան էր զանգել ու պատվիրել, որ ինձ ուզեն-չուզեն ՊԻՏԻ կալանավորեն՝ որպես իշխանություններին ոչ հաճելի մարդ այս կերպ պատժելով ինձ։

Ինչ վերաբերում է կալանքը որպես պատիժ կիրառելու արատավոր պրակտիկային, ապա պայքարել ու պայքարելու եմ այդ խիստ բացասական երևույթի դեմ՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կլինի իշխանության»։

Նույն շարքից