Իրավական 

ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվում ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ սկանդալը քննելու համար

analitik.am

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այն պատգամավորներից մեկն է, ով ստորագրել է քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, որը պետք է զբաղվի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հարցով: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Շարմազանովը հայտարարեց, որ պետք է հասկանալ, թե ով և ինչ պայմաններում է գաղտնալսել երկու կարևոր պաշտոնյաների հեռախոսազրույցը, ինչը դատապարտելի է և մարտահրավեր անվտանգությանը:

Ինչ վերաբերում է ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ով այս ամենի ետևում տեսնում է Հանրապետականին և Ռոբերտ Քոչարյանին, Շարմազանովը նշեց, որ այս դեպքում վերջինս պետք է գնա համապատասխան մարմիններում ցուցմունք տա և փաստեր ներկայացնի, իսկ եթե փաստեր չի ներկայացնում, ուրեմն դավադրություն է անում, կա մանիպուլացիա, քաղաքական դեմագոգիա և պոպուլիզմ. «Եթե ինչ-որ մեկին մեղադրում են գողության մեջ, պետք է մեղադրողն ապացուցի, ոչ թե նա, ում մեղադրում են՝ ապացուցի իր անմեղությունը»:

ԱԺ փոխխոսնակի պնդմամբ, ԱԺ քննիչ հանձնաժողովում, որ ստեղծվում է, ընդգրկված կլինեն հիմնականում իրավաբաններ, ովքեր մասնագիտական քննարկումներ կծավալեն պարզելու հարցի բոլոր մանրամասները:

Նույն շարքից