ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018թ. հուլիսի 8-ին «1In.am» կայք-էջում հրապարակվել էր «Չարաշահումներ ենք բացահայտել թիվ 19 պոլիկլինիկայում» վերտառությամբ հոդվածը: Հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010 թվականին պոլիկլինիկայի տնօրենի կարգադրությամբ աշխատակիցներից կատարվել են տարբեր չափերի պահումներ:
Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ մտացածին անձանց անուններով «մամոգրաֆիա» սարքի միջոցով կատարվել է հետազոտություն այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: