Ռոբերտ Քոչարյանը կապ չունի Yerevan.today կայքի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացրել լրատվամիջոցում, և Հակոբյանի խոսքերով, խուզարկությունից հետո իրավապահները տարել են համակարգիչները, դրա համար իրենց աշխատանքը պարալիզացված է: Հակոբյանը նաև նշեց, որ դեռ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, հասկանալուց հետո համապատասխան հայտարարությամբ հանդես կգան:
Yerevan.today-ի գլխավոր խմբագիրը հայտնեց, որ կայքի սեփականատերը Վարդան Հովնանյանն է, և դա բաց ինֆորմացիա է:
Հակոբյանը նշեց, որ ստուգումները կատարվել են կոպիտ խախտումներով, նույնիսկ փաստաբաններին դժվարությամբ են թույլ տվել մուտք գործել: Հակոբյանի խոսքերով, իրավապահներն արձանագրել են, որ իրենց փնտրածը չեն գտել, բայց անհասկանալի է, թե ինչու են տարել համակարգիչները:
Հիշեցնենք, որ մոտ 7 ժամ տևած ստուգումների պատճառն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն է: