Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Գուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին, ինչպես նաև 2000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:
Աշոտ Գուլյանը հայցը ներկայացրել էր 2012թ. փետրվարի 22-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա:
Հայցվորը պնդել է, մասնավորապես, որ իր 30-ամյա որդու՝ Լևոն Գուլյանի մահը ոստիկանական բաժանմունքում կյանքի նրա իրավունքի խախտում է եղել: Նա պնդել է նաև, որ իշխանությունները իր որդու մահվան վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն իրականացրել և որ իր որդին անօրինական և կամայական կերպով զրկվել էր ազատությունից:
2007թ. մայիսի 12-ին Լևոն Գուլյանը բազմաթիվ վնասվածքներով մահացած է հայտնաբերվել Երևանի ոստիկանության կենտրոնական մասնաշենքի բակում: Լևոն Գուլյանը ոստիկանություն հարցաքննության էր ներկայացել 2007թ. մայիսի 9-ին՝ իրեն պատկանող ռեստորանի դիմաց տեղի ունեցած սպանության գործով վկայություն տալու համար: Ոստիկանների առաջ քաշած վարկածի համաձայն՝ Գուլյանը փորձել է փախչել և, պատուհանից նետվելով, մահացել է:
Մանրամասն՝ Tert.am