Իրավական 

Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Քննչական կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումների օպերատիվ կազմակերպումը, քննությունն առավել փորձառու քննիչների կողմից իրականացումը համակարգելու նպատակով։

Սեպտեմբերի 20-ի թիվ 151 Լ հրամանով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների պետերին մասնավորապես հանձնարարվել է՝

-  արագ արձագանքել ընտրությունների ընթացքում ու դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումներին, կազմակերպել հաղորդումների սեղմ ժամկետում քննարկումը ընտրական հանցագործությունների քննության գործերով վերապատրաստված քննիչների մասնակցությամբ:

- նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման, ինչպես նաև դրանց ընթացքի մասին անհապաղ հաղորդումներ ուղարկել աշխատանքային խմբի ղեկավարին։

- սեպտեմբերի 23-ին իրականացնել ուժեղացված ծառայություն՝ ծառայողների 100%-ի ներգրավմամբ՝ միաժամանակ քննչական կոմիտեի ծառայողների համար հնարավորություն ընձեռելով որպես ընտրող մասնակցել  Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։

Աշխատանքային խումբը կհամակարգի ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը։

Հրամանով հանձնարարվել է նաև ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ կազմակերպել ընտրությունների քվեարկության, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների քննարկման ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության և դրա ստորաբաժանումների կայացրած որոշումների օպերատիվ լուսաբանումը՝ ապահովելով դրանց հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Պողոսյանին:

Նույն շարքից