Արմավիր ՔԿՀ-ՈՒՄ պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արտյոմ Սաֆարյանն անժամկետ հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Պատճառն այն է, որ Արտյոմ Սաֆարյանը, իր պնդմամբ, չի կարողանում օրենքով սահմանված կարգով օգտվել իրեն հատկացվող տեսակցություններից։
Նրա ծնողներն ունեն առողջական խնդիրներ և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, այդ իսկ պատճառով դժվարանում են Վանաձոր քաղաքից ամեն անգամ հասնել Արմավիր ՔԿՀ՝ տեսակցելու իրենց որդուն։
Ա.Սաֆարյանը ցանկանում է իր պատժի կրումը շարունակել Վանաձոր ՔԿՀ-ում, նա բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին տեղափոխման համար, սակայն միշտ ստացել է մերժողական պատասխաններ։ Հուսահատ վիճակը դատապարտյալին դրդել է ինքնավնասման միջոցով բարձրաձայնել իր խնդրի մասին։
Մենք կապ հաստատեցինք ՄԻՊ-ի համապատասխան խնդիրներով զբաղվող բաժնի՝ ինչպես նաեւ դատապարտյալների խնդիրներով զբաղվող դիտորդական խմբի հետ և տեղեկացրեցինք խնդրի մասին։ Նրանք ասացին, որ հնարավորինս շուտ այց կկատարեն ՔԿՀ…
Հիշեցնենք, որ Վանաձոր ՔԿՀ-ն ունի դատապարտյալի պատժատեսակին համապատասխանող փակ ռեժիմ։
Լիլիթ Ղաբուզյան