Գլխավոր Քաղաքականություն 

Զիջումները ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի ցեղասպանություն.Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

analitik.am

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:  Նրա խոսքերով, Հայաստանի ժողովուրդը պետք է որոշումներ կայացնի այն մասին, թե ինչն է ընդունելի իր համար:

Արդեն այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԼՂ հակամարտության մասով հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, և փոփոխության չի ենթարկվել: Նա դեսպանի հայտարարությունը որակեց որպես հեռացող դեսպանի հայտարարություն:

Analitik.am-ն թեմայի մասին զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ:

«Հայտարարությունը ճիշտ կլիներ դիտարկել մի քանի հարթությունում՝ անձնական, որովհետև ավելի քան համոզված եմ և կան բոլոր հիմքերը մտածելու, որ այդ հայտարարությունը պարզապես անձնական բնույթ է կրում: Հաշվի առնելով, որ դիվանագետն ավարտում է իր առաքելությունը, բնական է՝ պետք է մտածի իր հետագա աշխատանքի մասին: Այդպիսի դեպքեր ունեցել ենք, օրինակ՝ ԱՄՆ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան աշխատանքն ավարտելուց հետո ադրբեջանական որոշ կազմակերպություններում նմանատիպ հայտարարություն էր արել:

Այս ամենը պարզ է, կարող է նաև այս դեպքը լինի, չպետք է բացառել նման սցենարի հավանականությունը, իսկ թե ինչքանով է դա հավանական, չեմ կարող ասել, դա միայն ժամանակը ցույց կտա»:

Միլսի հայտարարության վերաբերյալ Բաբայանն ասաց նաև, որ դա շատ տարօրինակ էր. «Համանախագահները և համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, այդ թվում ամենավերջին հայտարարությունը ՌԴ-ի կողմից է եղել, որ իրենք դատավորներ չեն, իրենք միջնորդներ են: Իսկ այս հայտարարության մեջ  կարծես հրամայական ձև է օգտագործվում՝ պետք է, անխուսափելի է: Ո՞վ է ասել, որ անխուսափելի է և ո՞վ է դա որոշում: Երկրորդ՝ նմանատիպ հայտարարություններ չենք լսել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի կողմից, որ պետք է Ադրբեջանը ճանաչի Արցախը, բա ինչո՞ւ չկա այդպիսի հայտարարություն»:

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը նշեց նաև, որ մենք չունենք «գրավյալ տարածք» հասկացությունը. «Օկուպացիան լոկ տերմինաբանություն չէ, դրանում կա մեծ գաղափարախոսություն: Օկուպացիան նախօրոք ծրագրավորված ինչ-որ տարածքի զավթումն է՝ սեփական հարստության և կարիքների համար: Մենք այդպիսի բան չենք արել և ի սկզբանե տարածքների ու սահմանների խնդիր չի եղել: Դա միայն կարգավիճակի խնդիր է և տեսանք՝ ինչի դա բերեց՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանություն, կոտորած և բռնատեղահանում: Երբ խոսում ենք տարածքների մասին, Ստեփանակերտը բազմիցս պաշտոնական ասել է, որ չկա տարածքների խնդիր, կա միայն սահմանների խնդիր: Եթե սահմանների մասին ենք խոսում, Հյուսիսային Արցախը և ԼՂԻՄ-ը ստեղծեցին Արցախի Հանրապետությունը, այն, որ Հյուսիսային Արցախը հայաթափվեց, այդ բոլոր ողբերգությունը Ղարաբաղյան շարժման հետևանքն էր՝ Արդբեջանի ֆաշիստական քաղաքականության պատճառով: Հիմա Արցախի Հանրապետությունն իրավասու չէ՞ այդ խնդիրը բարձրաձայնել, իհարկե,  իրավասու է և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական, և՛ պատմական առումով:

Ո՞ւմն է Գետաշենը, երգեր են երգում բոլորը, կենացներ են ասում, իսկ քաղաքական և իրավական առումով Արցախի տարածքն է, և մենք իրավասու ենք այդ հարցը բարձրացնել:

ԼՂԻՄ-ն ու Նախիջևանը եղել են Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմում, մենք տեսանք, թե ինչ եղավ Նախիջևանի հետ և ունենք այդ հարցը բարձրացնելու իրավունքը: Հետևաբար, եթե խոսում են սահմանների մասին, բոլորը միասին պետք է քննարկեն, իսկ միակողմանի քայլերը, առավել ևս այդպիսի զիջումներ, ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի ցեղասպանություն, որովհետև այն Արցախի կործանմանն է բերելու, իսկ դա նաև հայոց պետականության կործանումն է»:

Բաբայանը համոզված է, որ Միլսը չի ուզում ցեղասպանություն լինի․ «Բայց այս մոտեցումը բերում է դրան, ինչն Ադրբեջանին տալիս է այն, ինչ նա ուզում է: Եթե նրանք ուզում են բոլոր տարածքները, դա մեր ներկայիս Հանրապետության տարածքի 60-70 տոկոսն է կազմում, իսկ իրենց համար դա 1 տոկոս է»:

Բաբայանի համար անհասկանալի էր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մյուս գաղափարը՝ «Տարածքներ՝  խաղաղության դիմաց».  «Ի՞նչ է դա նշանակում: Խաղաղության դիմաց միայն խաղաղություն է լինում, այսինքն պետք է մեր անվտանգությունը թուլացնե՞նք, որ նորից դառնանք ցեղասպանության թիրա՞խ, սպասենք ահաբեկիչների և ֆաշիստների քմահաճույքին և դատարկ խոսքերի դիմաց տա՞նք այդ ամենը: Լավ, եթե այդ դեպքում փորձ է կատարվում կարգավորել, ինչո՞ւ է միջազգային հանրությունը լռել, երբ Սաֆարովին ազատել և կաշառել էին հունգարացիներին: Թող խոսեին, բղավեին, ինչ-որ պապանձված նստած էին բոլորը: Կամ ո՞նց էր, որ Ջուղայի խաչքարերը քանդել ու ոչնչացրել էին, ոչ մեկ չէր խոսում, իսկ Աֆղանստանում Բուդդայի արձանը, որ պայթեցրել էին կամ ի՞նչ կատարվում է Մերձավոր Արևելքում, բոլորի համար սենսացիա էր, բոլորը խոսում էին: Այդ ինչպե՞ս է լինում, չենք հասկանում, հետևաբար պարզ է միայն մեկ բան, որ մեզ համար սա կյանքի հարց է»:

Հարցին, կարելի արդյո՞ք դա համարել ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականություն, Բաբայանն ասաց, որ չի կարծում. «Միլսը գնում է, և պետք է նաև իր աշխատավայրի մասին մտածի: Դժբախտաբար, այդպիսի դեպքեր ունեցել ենք, ժամանակը ցույց կտա: Նա միշտ էլ ասել է, որ կողմնակից է խաղաղ և համապարփակ կարգավորմանը: Չեմ կարծում, որ դա այդպես է, դա պարզապես այդ անձնավորության հայտարարությունն է: Կտեսնենք՝ հետագայում որտեղ է գործի ընդունվում և արդեն ամեն ինչ պարզ կլինի»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից