Իրավական 

Գերմանացի փորձագետները ՀՔԾ քննիչներին ներկայացրել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության` իրենց երկրի փորձը

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները հոկտեմբերի 20-ից 21-ը մասնակցել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) նախաձեռնությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթաց-ծրագրին` կոռուպցիայի, պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման, կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների և ապօրինի ձեռք բերված ունեցվածքի վերադարձի վերաբերյալ:

Ծրագրի բացմանը ներկա ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, կարևորելով նշված ոլորտներում, մասնավորապես ապօրինի հարստացման հետ կապված քրեական գործերի քննության հարցերում եվրոպացի գործընկերների լավագույն փորձի ուսումնասիրումը, նշել է, որ այն կարող է մեծապես նպաստել քննիչների մասնագիտական որակների բարձրացմանը: Սասուն Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ ծառայության քննիչները համագործակցության արդյունքում ստացած գիտելիքներն ու իրենց գործընկերների առաջադեմ փորձը կկիրառեն ամենօրյա աշխատանքում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը, փաստելով, որ միջոցառման ընթացքում քննարկված թեմաներն իսկապես արդիական են և կարևոր, նշել է, որ ծառայության քննիչներից շատերի վարույթներում այսօր առկա են կոռուպցիոն բնույթի, այդ թվում՝ ապօրինի հարստացման հետ կապված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, որպիսի պայմաններում նշված սեմինար-քննարկման կազմակերպումն իսկապես անհրաժեշտ էր:

Կոռուպցիոն գործերի քննության ոլորտում մեծ փորձ ունեցող գերմանացի փորձագետները կոնկրետ օրինակներով ներկայացրել են Գերմանիայում կոռուպցիոն հանցագործությունների, այդ թվում` ապօրինի հարստացման փաստերով հարուցված վարույթներն ու դրանց  քննության մեթոդները, անդրադարձել են դրանց ապացուցման խնդիրներին, ապօրինի ձեռք բերված ունեցվածքի առգրավման միջազգային փորձին ու իրավական օգնության հարցերին:

Քննարկման ավարտին փորձագետները հույս են հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն, և առաջիկայում հայ գործընկերների հետ առավել խորությամբ կուսումնասիրվեն վերը նշված թեմաներին առնչվող հարցերը:

Նույն շարքից