Եվրամիությունն ու Թուրքմենստանը վերականգնել են բանակցություններն Անդրկասպիական խողովակաշարի կառուցման վերաբերյալ, որը նախատեսվում է անցկացնել Կասպից ծովով դեպի Ադրբեջան։ Նախագծին անդրադարձել է Независимая газета-ն։
Առաջիկա օրերին Աշգաբադում նախագծի վերակենդանացման հարցերը կքննարկի ԵՄ էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերը։ Սակայն եվրոպացիները հաջողության հասնելու համար պետք է պայմանավորվեն Բաքվի հետ, որը դեռ համաձայնություն չի տվել թուրքմենական գազն իր տարածքով անցկացնելու վերաբերյալ։
Աշգաբադում օրերս ավարտվել է «Թուրքմենստան-ԵՄ» համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են նավթագազային ոլորտում համագործակցության հարցերը։ «НГ»-ի աղբյուրների վկայությամբ՝ ԵՄ-ն որոշել է վերակենդանացնել Անդրկասպիական խողովակաշարի շինարարության գաղափարը։ Սակայն մինչ նախագծի քննարկմանն անցնելը պետք է էկոլոգիական փորձաքննություն իրականացվի՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Աշգաբադում նաև կարծում են, որ նախ պետք է հաշվարկել հնարավոր ռիսկերը։
Սակայն փորձագետների դրական եզրահանգումը նախագծի իրականացման երաշխիք չի հանդիսանում։ Այն միայն կօգնի, որ Աշգաբադն ու Բրյուսելն ազդեն Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումների վրա, որոնք դեմ են խողովակաշարի կառուցմանը։
«Անդրկասպիական խողովակաշարը կարևոր է։ Եվրամիությունը կարծում է, որ այժմ այդ խողովակաշարի կառուցման ամենահարմար պահն է։ Անհրաժեշտ է բանակցությունների ընթացքում լուծել միայն մի քանի հարց, և առաջին խողովակաշարը կարող է կառուցվել արդեն մինչ Հարավային գազային միջանցքի ստեղծումը»,-հայտարարել է Թուրքմենստանում ԵՄ հարցերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Դանիիլիդիսը։
ԵՄ-ն անտեսում է մերձկասպյան մյուս պետությունների տեսակետները, որոնք ենթադրում են, որ մինչև Կասպիցի կարգավիճակի կարգավորումը ոչ մի գլոբալ նախագիծ, որն առնչվում է մեծ ջրամբարին, չի կարող իրականացվել։
Թուրքմենստանին, որը հսկայական գազի պաշարներ ունի, ոչինչ չի խանգարում միանգամից մի քանի ուղղություններով կողմնորոշվել։ «Գալքընըշ» հանքավայրը, որն աշխարհում գազի ծավալներով երկրորդն է ճանաչվել, կարող է ցանկացած հավակնոտ նախագծի ռեսուրս դառնալ։
Ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն, մեկնաբանելով ԵՄ-ի հետաքրքրվածությունն Անդրկասպիական նախագծի հանդեպ, հայտարարել է, որ Թուրքմենստանում ԵՄ ժամանակավոր հավատարմատարի լավատեսությանը պետք է զգուշորեն մոտենալ։
«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես ԵՄ-ն կարող է գազատարի շուրջ պայմանագիր կնքել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի տեսակետը։ Տեխնիկապես Անդրկասպիական գազատարը կարող է միացվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում և TANAP խողովակաշարերի համակարգին։ Եթե գազատարն սկսվի Թուրքմենստանում, ապա այն պետք է միացվի Ադրբեջանում գործող խողովակաշարային համակարգին։ Դրա համար անհրաժեշտ է քննարկել ադրբեջանական տարածքում ենթակառուցվածքների կառուցման, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով գազի տարանցման գնի հարցերը»,-ասել է Վելիզադեն։
Նրա խոսքով՝ նախնական համաձայնություն չի կայացվել ո՛չ Ադրբեջանի և Թուրքմենստանի, ո՛չ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև։
Եղել են բանավոր պայմանավորվածություններ գազատարի հնարավոր շինարարության մասին, դրանից այն կողմ գործը չի անցել։ Եվ հետո, հարց է ծագում՝ ինչպես է Դենիս Դանիիլիդիսը պատկերացնում գազատարի կառուցումը մինչ Հարավային գազային միջանցքի կառուցումը։
Բանն այն է, որ Բաքու-Թբիլիսի-Էրզրումն ու TANAP-ը հաշվարկված են կոնկրետ հզորության համար։
Վելիզադեի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի պետական նավթային ընկերության կամ խողովակաշարերի նախագծերի օպերատորները դեռ չեն արձագանքել ԵՄ-ի նախաձեռնությանը։