Բարի օր Իրավական 

Այդ նախագիծը պետք է ընդունվի, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անմեղ մարդու կալանք պատվիրել. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Արփինե Հովհաննիսյանի կողմից առաջարկվել է օրենքի նախագիծ, որի համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածը պետք է շարադրել նոր խմբագրությամբ:

Մասնավորապես առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել անմեղ անձին ակնհայտ ապօրինի դատապարտած դատավորին: Ես ողջունում եմ այս նախագիծը, որին դեմ քվեարկած յուրաքանչյուր պատգամավոր կդիտվի որպես ապօրինի և պատվիրված կալանքների հովանավոր կամ աջակից:

Սա շատ կարևոր է, որ ի վերջո պատժվեն օրենքի ողջ խստությամբ այն մարդիկ, ովքեր իրենց հաշիվները մաքրում են, հաշվեհարդարներ են տեսնում կամ գումար աշխատում անմեղ մարդկանց ապօրինի կալանք պատվիրելով, կեղծ ապացույցներ ստեղծելով և ապօրինի ազատազրկելով:

Նշեմ, որ իմ դեմ հարուցված շինծու քրեական գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ում: Ի վերջո կգա այն օրը, երբ արդարությունը կվերականգնվի և իմ դեմ շինծու քրեական գործի թե պատվիրատուները, թե կատարողները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ: Կեղծ ապացույցների ստեղծմամբ զբաղված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ կստանա իր ստոր և անօրինական արարքի համար հասանելիք 6-10 տարի ազատազրկումը, իսկ Ուրիխանյանի քաղաքական տանիք հանդիսացողներն էլ կկրեն քաղաքական պատասխանատվություն շահի դիմաց սեփական արժանապատվությունը վաճառքի հանած պատգամավորի արարքների համար:

Անմեղ մարդու դեմ շինծու քրեական գործ պատվիրողները, կատարողներն ու աջակիցները պետք է խստագույնս պատժվեն, որպեսզի հնարավոր լինի արմատախիլ անել այս բացասական երևույթը, և որևէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անմեղ մարդու դեմ կեղծ հաղորդում տալ, շինծու գործ հարուցել, քննել, կեղծ ապացույցներ ստեղծել կամ էլ ապօրինաբար ազատազրկել և մնալ անպատիժ»:

Նույն շարքից