Բարի օր Իրավական 

Բրյուսովի անվան համալսարանում որևէ դանակահարություն կամ արտառոց դեպք երեկ տեղի չի ունեցել

analitik.am

Երեկ մամուլում տարածվեցին լուրեր այն մասին, որ հոկտեմբերի 23–ին Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում արտառոց դեպք է տեղի ունեցել: Նշվում էր, որ վնասվածք են հասցրել 20-ամյա ուսանողուհու։ Այս մասին իր ՖԲ էջում գրել էր նաև Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ նշելով, որ իրեն այդ մասին  հայտնել են ուսանողները, և տեղեկությունը ստուգման կարիք ունի:

Ոստիկանությունն այսօր տարածեց  պաշտոնական հայտարարություն, որով տեղեկացրեց, որ  ուսանողուհին բացատրություն է տվել և հայտնել է, որ ոչ ոք չի վնասել իրեն, որևէ մեկի կողմից հարձակում չի եղել:

Analitik.am-ը զրուցեց  ԵՊԼՀ-ի  նախկին դասախոս, «Իմ Քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ, ով ասաց,  որ բոլոր տարածված լուրերը բերնեբերան անցած, ուռճացված ասեկոսեներ են և չեն համապատասխանում իրականությունը. «Ցավոք, մանրամասներին տեղյակ չեմ, բայց ըստ Բրյուսովի պրոռեկտոր Բելա Մարգարյանի պարզաբանման, ոչ մի դանակահարություն և երակները կտրել չի եղել»:

Աբգարյանի խոսքերով, երեկ համալսարանի ուսանողներից իրեն հայտնել են, որ ԶԼՄ-ները կատարվածը չափազանցված են ներկայացնում:

Այսօր՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրած հայտարարության մեջ էլ նշել է, որ  լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց և թափանցիկ աշխատելու գործելաոճ ունեն որդեգրած:

Ըստ տեղադրված հայտարարության, լրատվամիջոցներն այս անգամ անցել են բոլոր թույլատրելի սահմանները՝ գրելով չստուգված, մտացածին և անհիմն տեղեկություններ այն մասին, թե իբր համալսարանի ուսանող չհանդիսացող երեք աղջիկ մուտք են գործել համալսարան, դաժանաբար ծեծի ենթարկել մի ուսանողուհու, այնուհետև դանակահարել նրան:

Նշենք, որ Analitik.am-ը երեկ փորձում էր կապ հաստատել ԵՊԼՀ-ի հետ՝ պարզելու համար իրականությունը, սակայն մեր զանգերին չէին պատասխանում:

Նույն շարքից