Հասարակություն գլխավոր 

Հայկական ընտանիքը հարվածի տակ դնելուց հետո ի՞նչ է մնալու մեզ․ Վարդան Խաչատրյանը՝ Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ ֆորումի մասին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Վարդան Խաչատրյանը խոսելով նոյեմբերի 15-18-ը Երևանում անցկացվելիք Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի մասին հայտարարեց, որ դա մեծ համաշխարհային պրոցես է․ «Կբերեմ մի հատված Վարդան Այգեկցուց, երբ նա խոսում է միասեռականության կամ սոդոմական մեղքի մասին, ինչպես ինքն է ասում դա միշտ եղել է, չկար ժամանակ երբ որ դա եղած չլինի, բայց այն ժամանակ, երբ որ դա կրում է հասարակական բնույթ, ուրեմն տվյալ հասարակությունը հրաժարվել է ապագայից»։

Խաչատրյանի խոսքերով այդ մարդկանց գոյությունը չի նշանակում, որ նրանց հանդեպ բռնություններ լինեն․ «Իրականում այդ մարդկանց գոյությունը չի նշանակում, որ այդ մարդկանց նկատմամբ բռնություններ լինեն, դա բացառվում է, բայց մյուս կողմից իրավապաշտպանները, որոնք պահանջում են, որ իրենք պետք է անեն այդ արժանապատվության կամ հպարտության երթը, այսինքն ուղղակի հրապարակային քարոզչություն սկսեն, և այդ հրապարակային քարոզչությունը թափանցի ամենուր, և որևէ տեղ աշխատատեղի դեպքում այս մարդիկ պետք է աշխատեն, մանկապարտեզներում որպես դաստիարակներ, դպրոցներում որպես ուսուցիչներ և այլն և այլն, նաև պետք է հարցնել հայ ժողովրդի իր ունեցած ընտանիքներից, որովհետև մի բան է ընտանիքը Հոլանդիայում, ուրիշ բան է հայկական ընտանիքը։ Հոլանդիան այդ ընտանիքների հաշվին չի որ գոյատևել է ու դարձել Հոլանդիա։ Մենք գոյատևել ենք հազարամյակներ ոչ թե եկեղեցու հաշվին, ոչ թե պետության հաշվին, այլ ընտանիքների։ Հայկական ընտանիքն անկոտրուն է, ուժեղ և վճռական։

Ըստ քաղաքագետի հասարակական քննարկումներ պետք է լինեն․ «Ես համարում եմ, որ հասարակական քննարկումները պետք է լինեն այնպիսին, որ այդ մարդիկ էլ հասկանան, որ սոդոմական մեղքի մեջ են, հասկանան, որ իրենք օգտագործվում են, որ իրենք մտնում են այնպիսի վտանգի դաշտ, որը հազար անգամ պետք էր մտածել մտնել, թե չմտնել»։

Խաչատրյանը նշեց նաև, որ մի բան է, երբ դա արվում է այն երկրներում, որոնք հարմարված են դրան, և մեկ այլ բան է, երբ խոսքը վերաբերում է մեզ․ «Մի բան է, երբ դա արվում է այն երկրներում, որոնք ըստ էության հարմարված են այդ ընթացքի հետ, նրանց բռնած ճանապարհը դա է, մենք նրանց խելք սովորացնող չենք, բայց երբ խոսքը վերաբերում է մեզ, մենք այստեղ խնդիր ունենք։ Հայկական ընտանիքը հարվածի տակ դնելուց հետո ի՞նչ է մնալու մեզ, որպես դեպի ապագան միտված կամք ու կորով, որտեղի՞ց ենք ձեռք բերելու այդ լիցքը, այդ կրակը»։

Նույն շարքից