Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ահազանգում է, որ սպանության գործով 18 տարի ազատազրկման դատապարտված անձի դատավճռի հիմքում դրված են անհիմն ապացույցներ, իսկ նախաքննության փուլում էլ եղել են բազմաթիվ խախտումներ:
Խոսքը վերաբերում է 2016 թվականի մարտի 18-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցած դանկահարությանն, ինչի արդյունքում մահացել է մի անձ և ծանր մարմնական վնասվածք ստացել մեկ այլ անձ: Մեղադրանք է առաջադրվել Գրիգոր Մաթևոսյանին, և 2018-ի օգոստոսի 2-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այս գործով վճիռ է կայացրել՝ 112 հոդվածի առաջին մասով և 104 հոդվածի առաջին մասով մեղավոր ճանաչելով Մաթևոսյանին: Վերջինիս պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը պարզաբանեց, թե ինչ խախտումներով է կայացվել վճիռը. «Իմ պաշտպանյալին դատապարտել են 18 տարի ժամանակով: Խնդիրն այն է, որ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացրած դատավճիռը կարծես թե հետընթաց լինի 90-ականներ կամ 2000-ի սկիզբ, երբ դատարանները դատավճիռ էին կայացնում ոչ թե դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա , այլ այն նյութերի վրա, որոնք մատուցել է նախաքննական մարմինը՝ այսինքն հիմնվում էին մեղադրական եզրակացության մեջ առկա նյութերի վրա: Ի տարբերություն այլ գործերի, այս գործում դատարանը հիմք է ընդունել նախաքննության ժամանակ անձանց տված ցուցմունքները՝ հաշվի չառնելով դատաքննության ժամանակ անձանց տված ցուցմունքները»:
Լիպարիտ Սիմոնյանը մի օրինակ բերեց՝ մատնանշելով տուժող Վրեժ Մաթևոսյանի, ով միջադեպի ժամանակ ստացել էր ծանր մարմնական վնասվածք, ցուցմունքը: Վերջինս նախաքննության ժամանակ տվել է լրիվ այլ ցուցմունք, իսկ դատաքննության ժամանակ արդեն հայտնել է, որ ցուցմունք է տվել հետվիրահատական ընթացքում, ցուցմունքը տվել է ոստիկանապետի և քննիչի անմիջական ազդեցության և ճնշումների ներքո, նաև խաբեության ներքո. «Նման պայմաններում դատարանը պարտավոր է դիմել դատախազին այդ ցուցմունքները գոնե ստուգելու համար, քանի որ խոսքը վերաբերում է ոստիկանապետի և քննիչի կողմից տվյալ անձանցից ապօրինի ճանապարհով ցուցմունքներ կորզելուն, իսկ նման հարցը պետք է քննարկվեր ՀՔԾ-ում, ապա նոր անդրադառնալ այդ ցուցմունքները վճռի հիմքում դնելու հարցին, սակայն դատարանն, առանց որևէ պատճառաբանության, դատավճռում նշում է, որ արժանահավատ է համարում տվյալ անձանց ցուցմունքները և այն հարցին, թե ինչու պետք է այս անձինք դատարանում ցուցմունք տային այն մասին, որ իրենցից ճնշմամբ է ցուցմունք կորզվել, որևէ բացատրություն չի տալիս»:
Լիպարիտ Սիմոնյանը նաև նշեց, որ սույն գործով որևէ վկա, որևէ տուժող ցուցմունք չի տվել, որ իրենց մարմնական վնասվածքներ պատճառել է հենց Գրիգոր Մաթևոսյանը . «Ցուցմունք տվել են վիճաբանության մասին, զրույցի մասին, բայց մարմնական վնասվածքներ պատճառելու մասին որևէ մեկը ցուցմունք չի տվել»:
Փաստաբան Սիմոնյանը նաև նշեց, որ կան անձինք, ովքեր ընդհանրապես դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել, դատարանն էլ որևէ միջոցներ չի ձեռնարկել նրանց ներկայությունը դատարանում ապահովելու համար, այլ դատավճռի հիմքում դրել է նախաքննական ցուցմունքները՝ առանց հաշվի առնելու դրանք այլ փաստական հանգամանքների հետ համընկնում են, թե ոչ. «Հույս ունեմ, որ Վերաքննիչ քրեական դատարանն այս գործողություններին գնահատական կտա: Հաշվի առնելով այն, որ ընդհանուր իրավասության դատարանը որևէ գործողություն չի կատարել վկաների նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով ցուցմունք կորզելու մասով քննություն կատարելու հետ կապված, ստիպված մենք՝ պաշտպանական կողմն է դիմել Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի այդ ուղղությամբ քննություն կատարեն: Այս պահի դրությամբ հարուցվել է քրեական գործ և քննություն է կատարվում»:
Խոսեց նաև ամբաստանյալի հայրը՝ Հրայր Մաթոսյանը, ով ասաց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մարզի դատախազը, քննիչները և դատարանը երկար տարիներ իրար հետ անօրինական գործարքների մեջ են եղել և գումարներ աշխատել.«Ես ձեռքերս ծալած չեմ նստելու, որպեսզի իմ երիտասարդ անմեղ տղայի ճակատագիրը կործանեն: Ինքը սպորտսմեն տղա ա, Հայաստանի չեմպիոն, մարտական կարատեի մասնագետ, մեդալներ, պատվոգրեր ունի: Այս ամեն ինչը դատավոր Զոյա Զաքինյանը հաշվի չի առել, որ ինքը սպորտսմեն է, գազային ատրճանակն իր վրա խփած, որն իր օրինական զենքն էր, ինչի՞ պիտի դանակով խփեր որևէ մեկին: Նա մարտարվեստին տիրապետող տղա, ատրճանակն իր մոտ, նա հաստատ դանակ չէր օգտագործի, նա երբեք դանակ չի պահել իր մոտ»:
Ամբաստանյալի հայրը խոսեց նաև այն մասին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղյակ է իր որդու գործից. «Իր թերթի ժուռնալիստներին ես տարել եմ մի քանի անգամ դատական նիստերը նկարել են: Նա տեղյակ է այս գործից և վարչապետ դառնալուց հետո հայտարարում է նոր Հայաստան, նոր օրենքներ, մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ չխառնվենք իրավական գործերին, բայց մոռացել է, որ իրանք տարիներ շարունակ իրար հետ շաղկապված մարդիկ են, մեկը մոյւսի ոտքը չի տրորի: Ցանկացած պետություն սկսվում է ընտանիքից, եթե ես չեմ կարողանալու իմ ընտանիքի անվտանգությունն ապահովել, ինձ նման պետության սիստեմը և նրա օրենքները չեն հետաքրքրում: Ես հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն կմոտենա այս գործին: Եթե այս անօրինական գործը մնա իմ տղայի վրա, ես ձեռքերս ծալած չեմ նստելու, իմ 4 տարվա կռիվս՝ պատերազմն Ադրբեջանի և թուրքերի դեմ, իզուր չի անցել, ես պատերազմ եմ սկսելու Հայաստանի թուրքերի դեմ: Նրանք իմ ասածները դիտարկում են որպես սպառնալիք, բայց իրենց թվում է, որ իրանք կարող են նախազգուշացնել քաղաքացիներին, իսկ եթե քաղաքացին է վերադասին նախազգուշացնում, դա սպառնալի՞ք են համարում: Իմ նպատակն արդարությունն ու արդարադատությունն է»:
Լիպարիտ Սիմոնյանը նաև նշեց, որ չի հայտնաբերվել հանցագործության գործիքը, պարզ չի, թե ինչով են հասցվել վնասվածքները, պարզ է միայն այն, որ վնասվածքները հասցվել են կտրող,ծակող գործիքով. «Կա նաև այլ հանգամանք, երբ գործն ուսումնասիրում ենք, ակնհայտ է դառնում, որ Գրիգոր Մաթևոսյանը չէր կարող երկու հոգու վնասվածք պատճառել, որովհետև գործի տվյալներով նույնաժամանակ մեկը ստանում է մարմնական երկու վնասվածք՝ մեկը դիմացից, մյուսը՝ հետևից, և նույն պահին նույն վայրում՝ մի քանի մետր այն կողմ, մյուսը ստանում է ծանր մարմնական վնասվածք, միայն այս հանգամանքը բավարար է, որ ապացուցվի, որ Գրիգոր Մաթևոսյանը չէր կարող երկու հոգու միաժամանակ մարմնական վնասվածք հասցնել: Ի դեպ, քրեական գործի նյութերով հիմնավորված է, որ դանակով գործողություններ իրականացրել է մահացած անձը՝ վկաներից մեկի թևին է հարվածել: Գրիգոր Մաթևոսյանի կողմից կոնկրետ դանակով մարմնական վնասվածք հասցնելու մասով ապացույցներ գոյություն չունեն»:
Հետաքրքիր է նաև այն, որ դատավճիռ կայացնելիս դատարանը հիմնվել է նրա վրա, որ Գրիգոր Մաթևոսյանը մեքենան վնասելու հետ կապված խոսակցություն է ունեցել այդ անձանց հետ, ինչից էլ դատարանը ենթադրություն է արել, որ եթե նման խոսակցություն է եղել, ապա Գրիգոր Մաթևոսյանն էլ հարվածել է:
Նշենք, որ այս քրեական գործով նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին ժամը 12:00-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում: