Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ:
Ակնհայտ է, որ այս վճիռը նախ և առաջ քաղաքական որոշման արդյունք է և կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքում: Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը:
Ես և թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ և իմ ընտանիքի հանդեպ: Դա ապացուցեցին նաև տխրահռչակ ձայնագրությունները: Անցածս ուղին կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում և արտերկրում, ինչպես նաև քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին:
Պարզից էլ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգություններ գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից և ինձ մեղավոր նշանակել:
Վստահ եմ, որ վղ թե ուշ հասնելու եմ ազատության: Վստահ եմ, որ ապացուցելու եմ իմ անմեղությունը: Վստահ եմ նաև, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունը ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված լկտի և ապօրինի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ և դա լինելու է մոտ ապագայում:
Լի եմ պատրաստակամությամբ շարունակելու քաղաքական պայքարը նաև բանտում: Իշխանությունները և նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը: Ես սովոր եմ ծանր փորձությունների, և տեղի ունեցողը հերթական փորձություն եմ համարում: Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության և արժանապատվության:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: