Իրավական 

Նիկոլ Փաշինյանի բացահայտ սպառնալիքների առաջին թիրախը Քոչարյանի դատավորն էր. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը կարծում է, որ օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակեց, քանի որ կարողացավ դիմակայել այդ պահին գոյություն ունեցող ճնշումներին:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ալումյանը հիշեցրեց օգոստոսի 17-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բացահայտ սպառնալիքները դատավորների հասցեին, որից հետո ճնշումն ավելի ուժեղացավ. «Բոլորի համար պարզ էր, որ այդ սպառնալիքների առաջին հասցեատերը հենց այն դատավորն է, որ ազատ արձակեց Քոչարյանին: Այդ դատավորի հասցեին հետո սկսեցին սպառնալիքներ, անեծքներ, հայհոյանքներ, ատելության խոսքեր»:

Ալումյանի խոսքերով, վերջին սպառնալիքը Փաշինյանի խոսքն է, որը վերջինս արտաբերեց դեկտեմբերի 4-ին. «Եթե թողնենք մկներ-սերմացու գյուղատնտեսական տերմինալոգիան, սպառնալիքի իմաստն այն էր, որ իրենք պատժելու են նախորդ իշխանություններին, իսկ եթե կլինեն դատավորներ, ովքեր դա չեն անի, կպատժեն այդ դատավորներին: Շարունակությունն այն է, որ խորհրդարանով ու կառավարությունով ունեն հնրավորություն դա անելու: Այդ սպառնալիքներն իրենց նպատակակետին հասան այսօր, որն իրավաբանական որևէ բաղադրիչ իր մեջ չի պարունակում, այն ամբողջական հիմնված է սպառնալիքների վրա: Պետք է ասեմ, որ գործը հանձնվել էր այնպիսի դատավորներից մեկին, ով ամենաքիչ շանսերն ունի դիմակայելու սպառնալիքներին: Մենք հասկանում էինք, որ նա այն դատավորը չէ, որ կարող է դիմանալ ճնշումներին: Ու մեր կանխատեսումները, ցավոք, արդարացան»։

Նույն շարքից