Իրավական 

Բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց սուբուտեքսի 44 հաբ /Տեսանյութ/

analitik.am

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները, ամիսներ տևած համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 5-ին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։

Ժամը 13-ն անց 50-ի սահմաններում, Գյումրու Տիգրան Մեծի պողոտայում գտնվող փոստային առաքման բաժանմունքի դիմաց հայտնաբերվեց ու ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց Սահականուշ Սարգսյանը։ Գյումրիում ապրող, 54-ամյա կինը կասկածանքով բերման ենթարկվելուց րոպեներ առաջ էր արտերկրից առաքված ծանրոց ստացել։ Ըստ ոստիկանների տեղեկությունների՝ ծանրոցում թմրամիջոց կար։

Խուզարկությամբ տեղեկությունները հաստատվեցին։ Կոնֆետի տուփերում կար B8 գրառմամբ 44 ամբողջական, 6 մասնատված սուբուտեքսի դեղահաբ։ Կնոջ հայտարարությամբ՝ դրանք ուղարկել էր Եվրոպայում բնակվող իր ազգականը՝ իր մեկ այլ ազգականին փոխանցելու նպատակով։

Ոստիկանության ծառայողները շարունակեցին հետախուզական միջոցառումները՝ կնոջ հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով։ Նոր հանգամանքներ ի հայտ եկան։ Մասնավորապես պարզվեց, որ Սահականուշ Սարգսյանը նախկինում էլի է արտերկրից սուբուտեքս ստացել ու վաճառել Գյումրիում ապրող 35-ամյա մի տղամարդու։ Վերջինս նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ այդ տղամարդը Սահականուշ Սարգսյանից պարբերաբար սուբուտեքս է գնել՝ ընկերների հետ օգտագործելու նպատակով։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Նույն շարքից