Իրավական 

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում 442 ենթադրյալ ընտրական հանցագործության դեպքերից 6-ով քրեական գործեր են հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 14-ի դրությամբ ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում իրավապահ մարմինների ստացած ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ թվով 442 դեպքի մասին ահազանգ:

Դեպքերից 190-ի մասին տեղեկություններն ստացվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող հասանելի ԶԼՄ-ների հրապարակումների և սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների մշտադիտարկման արդյունքում: 157 դեպքի մասին հայտնվել է քաղաքացիների կողմից՝ ՀՀ ոստիկանություն կամ դատախազություն ներկայացված դիմումների և հաղորդումների տեսքով, իսկ մնացած մասը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  ներկայացված զեկուցագրերի արդյունքում:

Ընտրությունների նախապատրաստման շրջանում, ինչպես նաև քվեարկության օրվա ընթացքում հայտնի դարձած ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերին հարող տարածքներում կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային որոշ խախտումներին:

Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող որոշակի հաղորդումները պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով իրենց բովանդակային նկարագրությամբ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկել է ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն  և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջոցով հաղորդումների իրական հանգամանքները պարզելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Նշված 442 դեպքերից վերացական և ընդհանուր բնույթի տվյալներ պարունակող 271 դեպքով իրականացվել կամ իրականացվում են ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում 161-ով արդեն իսկ հերքվել են ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստերը և թողնվել են անհետևանք:

165-ով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել կամ նախապատրաստվում են նյութեր: Դրանցից՝

113-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին,
4-ը վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն,
13-ը՝ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն,
1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն,
9-ը՝ քվերակության գաղտնիությունը խախտելուն,
11-ը՝ ընտրակաշառք տալուն,

3-ը՝ կեղծ քվեաթերթ իրացնելուն
2-ը՝ քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարեցնելուն հարկադրելուն
9-ը՝ այլ:

Նշված 165 դեպքից 12-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 147-ով նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է:

Նախապատրաստված 6 նյութերով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 2-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու, 2-ը՝ ընտրակաշառք առաջարկելու, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հացնագործությունների առերևույթ հատկանիշներով:

4 քրեական գործով նախաքննությունն իրականացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության, 2-ով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները:

  • 101
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    103
    Shares

Նույն շարքից