Իրավական 

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում երեխայի հոր հաղորդագրության հիման վրա

Գյումրիում 5 ամսական երեխայի մահվան դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին։ Նյութերը նախապատրաստվում են երեխայի հոր հաղորդագրության հիման վրա։

«Շիրակի մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրենքով նախատեսված նյութերի նախապատրաստման թույլատրելի ժամկետը լրանալուց հետո կկայացվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում։

Փորձաքննության եզրակացության արդյունքներից ելնելով՝ կհստակեցվի, թե որն է եղել փոքրիկի մահվան պատճառը։ Բժիշկների կողմից ենթադրյալ չարաշահումներ կատարելու կամ բացթողումներ կատարելու հարցերը պարզելու համար ևս անհրաժեշտ է փորձաքննության եզրակացություն»,-նշել է դատախազը հավելելով, որ այս պահին այլ հանգամանքներ դեռ պարզված չեն։

Դեպքը գրանցվել է հունվարի 5-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց»-ում։ Երեխայի հայրը հաղորդագրություն էր ներկայացրել, որ երեխայի մահը տվյալ բուժհաստատության բուժանձնակազմի անփութության պատճառով է գրանցվել։

Նույն շարքից