Հայաստանում ամեն ինչ պետք է լինի օրինականության սկզբունքի հիման վրա՝ և՛ կալանավորումը, և՛ նախնական կալանքը, և նաև մեղադրանք առաջադրելը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի գործի մասին:
Փոստանջյանի խոսքերով, այսօր ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում օրինականության սկզբունքը հարգելու հիման վրա, շեղում է տեղի ունենում և ՀՀ քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նախնական կալանքը դեռ պատիժ չէ ազատազրկման ձևով. «Այս բոլոր նախնական կալանավորումներն իրենց մեջ պարունակում են ոչ թե արդար նպատակներ, այլ բեմադրություն են: Արդեն 8 ամիս է անցել, այսպես կոչված, հեղափոխությունից, որն իրականում տեղափոխություն էր, այդ գործերը պետք է արդեն լինեին դատարանում ծանրակշիռ մեղադրական եզրակացություններով, մինչդեռ նման եզրակացություններ չկան, կան նախնական կալանավորման, հետո ազատ արձակման դեպքեր: Իսկ անհրաժեշտության դեպքում շահարկում են ու նորից կալանքի տակ վերցնում: Իսկ սա ապօրինություն է»:
Ինչ վերաբերում է կոնկրետ երկրորդ նախագահի գործին, Փոստանջյանն ասաց, որ գործի մանրամասներին տեղյակ չէ. «Որքանով որ տեղյակ եմ, այդ ամենը տեղի չի ունեցել օրինականության և արդարության սկզբունքի հիման վրա»: