Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով

Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը: Դատարանը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի հետ իր կապերն բավարար չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա:

Երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենք իրենց մասով այդ միջնորդությունն արել են, դատախազներն էլ առարկել են. «Եթե վաղը, մյուս օր դատարանը որոշում կայացնի ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի, դատախազները թող չասեն, չշահարկեն Օրբելյանի և դատավորի հարաբերությունները: Մենք մեր մասով բացահայտեցինք այդ հարաբերությունները, դատախազները գտան, որ այդտեղ ոչ մի խնդիր չկա, այսինքն դատավորի անաչառության վրա դա չի ազդում, դատավորն էլ գտավ, որ իր անաչառության վրա դա չի ազդում, կարևորը մենք մեր մասով դա արեցինք»:

Ալումյանը հայտնեց նաև, որ պահանջել են, որպեսզի դատավորը բացահայտի, թե ինչ կերպ է միջնորդությունների քննությունը հանձնարարվել հենց իրեն. «Դատավորն ասաց, որ իրեն հանձնարարել է դատարանի նախագահը: Մենք խնդրեցինք, որ պարզաբանվի, թե ինչ իրավական հիմքով է հատկապես ինքը ընտրվել այս միջնորդությունները քննող դատավոր՝ ինչ-որ իրավական հիմքո՞վ, թե՞ կամայականության սկզբունքով: Դատավորն ասաց, որ այդ հարցի պարզաբանումը կարող է տալ դատարանի նախագահը: Մենք դիմեցինք դատարանի նախագահին, այս պահին պատասխան չունենք, հենց լինի, կհայտարարենք: Հուսով եմ՝ մինչև վաղը պարզաբանումը կստանանք, այսօր աշխատանքային օրվա ավարտի պատճառով նիստը հետաձգվեց, կշարունակվի վաղը ժամը 11-ին:

Մինչ այդ հուսով ենք կստանանք դատարանի նախագահից պարզաբանում, որից հետո կորոշեցնք՝ արդյո՞ք այդ հիմքով ուզում ենք միջնորդել, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի, թե՝ ոչ»:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նաև պարզաբանեց, որ դատարանի կազմը որոշվում է օրենքով՝ կան հերթապահ դատավորներ, որոնցից պետք է ընտրվի մեկը, ով պետք է քննի հարցը, այդ որոշումը պետք է կայացվի օրենքի հիման վրա: Ալումյանի խոսքերով, իրենք պետք է համոզված լինեն, որ դատարանի նախագահը դատավորի ընտրության որոշումը կայացրել է օրենքի հիման վրա, այլ ոչ թե այլ պատճառով. «Եվրոպական կոնվենցիան ասում է օրենքի հիման վրա ստեղծված դատարան, որի մեջ մտնում է, որ ոչ միայն այդ դատավորը նշանակված լինի օրենքի հիման վրա, այլ դատարանի կազմն էլ ընտրված լինի օրենքի հիման վրա»:

Նույն շարքից