Բարի օր Իրավական 

Մինչ այս պահը դեռ չեն հայտնել, թե ինչ սկզբունքով է ընտրվել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորը. Արամ Օրբելյան

analitik.am

Այսօր ՝ հունվարի 15-ին, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության դատական  նիստը, որը հետաձգվեց մինչև ժամը 12:30-ը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան ստացել են իրավական ակտերը՝ դատարանի նախագահի կողմից կոնկրետ դատավորին նշանակելու վերաբերյալ,  որը սակայն վերաբերում էր հերթապահ դատավորների ցուցակներին, այլ ոչ թե ցուցակի միջից կոնկրետ դատավոր նշանակելու որոշմանը: Իրավական ակտում ներկայացված է, թե ինչպես են որոշվել հերթապահ դատավորները: Օրբելյանը նշեց, որ այս մասով իրենք որևէ խնդիր չունեն. «Քանի որ չկար կոնկրետ դատավորի նշանակման գործընթացը՝ այսինքն, թե ինչի հիման վրա է պարոն Արթուր Մկրտչյանը նշանակել գործող դատավորին, ներկայացրեցինք ինքնաբացարկի միջնորդություն»:

Օրբելյանը մանրամասնեց , թե ինչի համար է ներկայացվել ինքնաբացարկի միջնորդություն. «Կան հերթապահ դատավորներ, տոնական օրերին եղել է 8 հերթապահ դատավոր: Խնդիրը հետևյալն է, թե ինչ սկզբունքով և ինչի հիման վրա է կոնկրետ մի դատավոր նշանակվում և գործը քննվում: Դատական օրենսգիրքը նախատեսում է ընթացակարգ՝ դա էլեկտրոնային համակարգն է: Կան ինչ-որ սկզբունքներ, որ նախատեսված են , և Եվրոպական դատարանը նշանակել է մի քանի սկզբունքներ առ այն, որ գործը պետք է քննվի օրինական դատարանի կողմից, դա նշանակում է, որ առաջինը պետք է բուն դատարանը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ձևավորված լինի օրենքի հիման վրա, որը մենք չենք վիճարկում, միևնույն ժամանակ կոնկրետ գործը քննող դատարանը պետք է ձևավորված լինի օրենքի հիման վրա: Հիմա, ունենք 8 դատավոր, որոնցից ինչ-որ մեկին մակագրվել է, բայց ինչի՞ հիման վրա է մակագրվել: Ենթադրվում է, որ ուղղակի դատարանի նախագահն այդպես է որոշել, իսկ դա նշանակում է կամայական, ոչ օրինական դատարան, որը և բարձրաձայնում ենք այստեղ»:

Օրբելյանը նշեց, որ կոնկրետ դատավորին որևէ գործի մակագրումը կատարվում է՝ հղում անելով կոնկրետ օրենքի, ինչն այս դեպքում չկա և հենց այդ հիմքում էլ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն:

Նշենք, որ այս պահի դրությամբ դատականի նիստը դեռևս շարունակվում է:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:

Նույն շարքից