Իրավական 

Քննարկվեցին սնանկության դատարանի գործունեության կազմակերպման հետ կապված հարցեր

analitik.am

Հունվարի 15-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Խորհրդի նախագահի գլխավորությամբ, հրավիրել էր խորհրդակցություն՝ Սնանկության դատարանի գործունեության և ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Սնանկության դատարանի նախագահը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը:

Սնանկության դատարանի նախագահը Խորհրդին ներկայացրեց նորաստեղծ դատարանի աշխատանքների կազմակերպման վիճակը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի անցումային դրույթներով նախատեսված պահանջների կատարման ընթացքը, դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետում հարցերի լուծման ժամանակացույցը:

Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացրեց Սնանկության դատարանի գործունեության ապահովման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և նյութատեխնիկական աշխատանքների ընդհանուր վիճակը և ծագած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ Սնանկության դատարանի գործունեության ապահովման աշխատանքները հիմնականում ընթանում են օրենքով նախատեսված կարգի շրջանակներում:

Փաստվեց, որ իրավունքի ուժով դադարեցվել են Սնանկության դատարանում նշանակված դատավորների լիազորությունները նախկին բոլոր այն դատարաններում, որտեղ նրանք գործում էին որպես քաղաքացիական գործեր քննող դատավորներ: Ինչպես նաև արձանագրվեց, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166 հոդվածի 21-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ մինչև 2019 թ. հունվարի 1-ը՝ սնանկության գործերը շարունակել են վարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում սնանկության մասնագիտացված դատավորները, և նրանց բաշխվել են միայն սնանկության գործեր:

Ըստ նույն օրենսգրքի 166-րդ հոդվածի 23-րդ մասի՝ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում վարվող բոլոր սնանկության գործերը մեկ ամսվա ընթացքում փոխանցվում են Սնանկության դատարան և սահմանված կարգով դրանք բաշխվում են Սնանկության դատարանի դատավորների միջև: Վերջիններս արդեն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը:

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նույն շարքից