Իրավական 

ՔԿ և ԱԱԾ աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում՝ 28-ամյա երիտասարդը հայտնաբերվեց

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում՝ 40-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի 28-ամյա բնակիչը հայտնաբերվել է:

Երեկ երեկոյան՝ ՀՀ քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում՝ 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: 2019թ. փետրվարի 13-ին դատարանը կքննի նրա կալանքի վերահաստատման հարցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Նշենք, որ հիշյալ  քրեական գործի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի երկու անձ: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել նաև Լոռու մարզի մեկ այլ բնակչի, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից