Իրավական 

Տեղի ունեցավ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը

Քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիս Մուրազիի՝ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը։

Politik.am լրատվամիջոցի դեմ գործով դատաքննությունն իրականացնում է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը։

Հիշեցնենք, դատարանում վիճարկման ենթակա Politik.am-ի հրապարակման մեջ նշվում էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարությունում իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին մարիխուանա է օգտագործել, ինչի մասին իմացել է նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել»,- գրել էր աղբյուրը։

Դատարանում փոխվարչապետի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ծանոթ չէր պատասխանող կողմից ներկայացված նյութերին ամբողջ ծավալով։

Իսկ Տիգրան Ավինյանի պահանջը՝ դատարանից և պատասխանող կողմից, մնում է նույնը, ինչը ներկայացված է դատական հայցում։ Բարձրաստիճան պաշտոնյան դատարանից պահանջում է հերքել իր անձի վերաբերյալ զրպարտություն համարվող՝ կայքի հրապարակած տեղեկատվությունը, և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը: Փոխվարչապետը 2 միլիոն դրամ է պահանջել լրատվամիջոցից:

Պատասխանող կողմի շահերի պաշտպան «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպությունից՝ փաստաբան Արման Գրիգորյանն ի պատասխան պնդեց, որ կայքի հրապարակման համար լրագրողի ձեռքի տակ եղել են բոլոր բավարար հիմքերը տեղեկատվությունը հրապարակելու համար, ուստի պատասխանող կողմն առարկում է հայցը և պատրաստ է դատարանում մինչև վերջ ապացուցել որ իրավունք ունեցել է նման տեղեկատվության հրապարակման և որևէ օրենք չի խախտել այդ հրապարակմամբ։

Կողմերին լսելուց հետո դատավոր Գ. Բալյանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդ նիստի քննարկման օր նշանակեց մարտի 25-ը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Politik.am կայքի հիմնադիր խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ ինքը չի կիսում փոխվարչապետ Ավինյանի ընկալումը, թե հրապարակումով վիրավորել է նրա արժանապատվությունը. «Մենք չենք համարում, որ մարիխուանա ծխելու մասին մեր հրապարակումը արատավորել է Ավինյանի պատիվն ու արժանապատվությունը։

Նա կարող է նման պնդում իրեն թույլ տալ, եթե հստակ հայտարարեր, որ իր կուսակիցներ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանն անբարոյականության քարոզ են արել, երբ հրապարակային խոսել են մարիխուանայի օգտագործման օրինականացման անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է հայցով մեր դեմ ներկայացված ֆինանսական պահանջին, ապա ես կարծում եմ՝ Ավինյանը չի կարողանա մեզանից գումար ստանալ, եթե դատարանի վրա ճնշում չլինի։ Ուստի առաջարկում եմ իրեն՝ պետական միջոցներից գրանտ ստացող իր ընկերության միջոցների հաշվին վճարել լրատվության ֆակուլտետում սովորող ուսանողների վարձերը, որը խոստացել էր անել մեր հաշվին՝ դատարանով գանձելու միջոցով»։

 

Նույն շարքից