Իրավական 

Ինձ ոչ մեկ չի կարող զանգել և նման տոնով հետս խոսել․ ԱԱԾ տնօրեն

Պետությանը փոխանցվել է 18,5 միլիոն դոլար, իսկ այն մնացած 11,5 միլիոն դոլարը եղել են հարկային պարտավորություններ, չարաշահումներ և այլն, որը որ գանձվել է կոնկրետ ակտերով: Այսինքն, հարկային ակտ է գրվել և գումար է վճարվել: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը գումար վերադարձնելու մասին:

Դեռ ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սաշիկ Սարգսյանի մասին, հայտարարել էր, որ վերջինս միայն մեկ հաշվում ունի 30 միլիոն դոլար: Հավանաբար Վանեցյանը հենց այդ գումարը նկատի ունի:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ քրեական գործը դեռ շարունակվում է և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին:

Հարցին, թե ո՞ւմ հորդորով է վերադարձվել գումարը և ի՞նչ պայմանով, Վանեցյանն ասաց, թող այդ հարցին պատասխանի գումար վերադարձնողը. «Ես պարոն Ալեքսանդր Սարգսյանի հետ չեմ հանդիպել, չեմ խոսել, որևէ բան չեմ պայմանավորվել»:

Վանեցյանը խոսեց նաև ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի մասին՝ հայտարարելով, որ նա սահմանային կետը չի հատել. «Ամեն դեպքում օրինական ճանապարհով չի հատել: Իսկ Արա Մինասյանն ու Լևոն Սարգսյանն օրինական ճանապարհով հատել են ՀՀ սահմանը: Չեմ հիշում, թե կոնկրետ որ օրն է եղել, բայց այդ ժամանակ նրանց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել, դրանով պայմանավորված էլ որևէ լիազորություն ԱԱԾ-ն չի ունեցել նրանց ազատ տեղաշարժին խանգարելու համար»:

ԱԱԾ տնօրենն ասաց, թե գիտի որտեղ է Լևոն Սարգսյանը, նա արաբական երկրներից մեկում է:

Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Սաշիկ Սարգսյանի որդին օրեր առաջ զանգահարել է բարձրաստիճան պաշտոնյայի և հաթաթա տվել, Վանեցյանն ասաց, որ այդ մասին  տեղեկություններ չունի․ «Ինձ հաստատ չի զանգել: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ինձ ոչ մեկ չի կարող զանգել և նման տոնով հետս խոսել»:

Նույն շարքից