Իրավական 

Իրանի անվտանգության և ոստիկանության պատվիրակության այցը ՀՀ ոստիկանություն

analitik.am

Փետրվարի 25-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիի գլխավորությամբ:

Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին` կարևորեց երկու երկրների բարեկամական կապը, ինչի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, որն ուղղված է Հայաստանի և Իրանի պետական անվտանգությանն ու քաղաքացիների ապահովությանը:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ իրանցիների համար զբոսաշրջության ամենասիրելի երկրներից մեկը Հայաստանն է և դրանով է պայմանավորված նրանց մեծ հոսքը Հայաստան: Իրանական կողմը գոհունակություն հայտնեց իրենց երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ՀՀ ոստիկանության ցուցաբերած ծառայության համար:

Քննարկվեցին մի շարք հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների ճանապարհային ոստիկանությունների, սահմանամերձ հատվածներում ոստիկանության ստորաբաժանումների, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների ծառայությանը վերաբերող հարցեր:

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արսեն Այվազյանը ներկայացրեց երկու երկրների միջև համագործակցության դրական արդյունքերն ու դրանց հետ կապված որոշ խնդիրներ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները ակտիվ համագործակցում են թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում:

Քննարկվեցին իրավապահ երկու կառույցների միջև տեղեկատվության արագ տրամադրման և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնելով ընդունելության և կարևոր խնդիրներ բարձրաձայնելու համար, պատրաստակամություն հայտնեց քննարկել դրանք և համապատասխան լուծումներ գտնել:
Կողմերը միակարծիք էին, որ թեև երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա սերտ համագործակցությանը, ժամանակի պահանջներին զուգահեռ անհրաժեշտ է առավել ամրապնդել այն ու ներառել նոր ուղղություններ, քանի որ հանցատեսակները նույնպես զարգանում են՝ ներթափանցելով տարբեր ոլորտներ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը եղավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջեցին տարածքում, եղան կրթահամալիրի ստորաբաժանումներում, մասնագիտացված լսարաններում, մարզասրահներում և այլն:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածն ու գործունեության մանրամասներ:

ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնեց հետաքրքիր էքսկուրսի համար և հույս հայտնեց, որ համագործակցություն կձևավորվի նաև երկու բարեկամ երկրների իրավապահ կառույցների ուսումնական հաստատությունների միջև:

Կողմերը կարևորեցին ստեղծվելիք փոխգործակցության անհրաժեշտությունը, որը կնպաստի հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին:

Հանդիպմանը քննարկվեցին իրավապահների կրթությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Նույն շարքից