Իրավական 

Բացահայտել են տասնյակ անասունների գողության դեպքեր

analitik.am

Մարտի 1-ին, ժամը 07.30-ին, Արտաշատ քաղաքի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հայտնել է, որ փետրվարի 28-ի ժամը 18.00-ից մարտի 1-ի ժամը 04.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը կողպված չլինելու հանգամանքից, անասնագոմից գողացել են խոզ, իսկ հավաբնից` 7 հնդկահավ՝ պատճառելով մոտ 120.000 դրամի վնաս:

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Հայկաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Ս․-ն։ Նույն օրը, ժամը 12.30-ին, նա հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նախկինում էլ Արմեն Ս․-ն կատարել է մի շարք անասնագողություններ։

Մասնավորապես՝ փետրվարի 12-ի գիշերը, Գայ գյուղի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խ․-ի հետ, Վեդի քաղաքի մի բնակչի անասնագոմի պատուհանի պոլիէթիլենային թաղանթը պատռելով, գողացել են 1 ցլիկ, 2 հորթ, 15 ոչխար և 5 գառ։

Դեպքի առթիվ բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Մարտի 1-ին, ժամը 19.00-ին, Նարեկ Խ․-ն բերման է ենթարկվել բաժին:

Պարզվել է նաև, որ փետրվարի 5-ի գիշերը, Արմեն Ս․-ն և Նարեկ Խ․-ն, պատուհանի մետաղյա ցանցը պոկելով, Ավշար գյուղում գտնվող մի քաղաքացու անասնագոմից գողացել են 15 ոչխար։

Բացի այդ, պարզվել է, որ փետրվարի 19-ին, Արբաթ գյուղի մի ֆերմայից Արմեն Ս․-ն գողացել է 12 ցլիկ:

Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Փետրվարի 28-ին էլ Վեդի քաղաքի մեկ այլ անասնագոմից Արմեն Ս․-ն հորթ էր գողացել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից