Իրավական 

22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ կենտրոնի տնօրենը՝ ծնված 1997 թվականին, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ իր աշխատակցին պատկանող հողամասը վերջինիս անունով սեփականաշնորհելու հարցում օժանդակելու պատրվակով, կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում 2018 թվականի հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում աշխատակցից մաս-մաս ստացել է 200 000 դրամ գումար:

22-ամյա տնօրենը, սակայն, սեփականաշնորհման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, աշխատակցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է վերջինիս կողմից տրված զգալի չափերի գումարը և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից