Իրավական 

Բացահայտվել է Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարությունը. կասկածյալը ձերբակալվել է

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1990թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

2019թ. մարտի 25-ին՝ ժամը 03։40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին այն մասին, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1990թ. ծնված երիտասարդ։

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 25-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։ 1990թ. ծնված երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել դեպքի մի շարք հանգամանքների՝ դեպքի վայրի, շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է տուժողի ընկերը՝ ծնված 1989 թվականին: Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ միաժամանակ հայտնելով, թե որտեղ է նետել հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ երիտասարդը ծանր մարմնական վնասվածքներն ստացել է լույս մարտի 25-ի գիշերը՝ ավտոմեքենան արագ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես վկաներ, առգրավվել են դեպքի օրը ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից