Իրավական 

Երկու օրում երկու անգամ հայտնվեց ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

analitik.am

Մարտի 22-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացուհին հայտնեց, որ Վանաձորի Գրիգոր Լուսավորչի փողոցի դեղատներից մեկում գողացել են իր դրամապանակը:

Դեպքի վայրում վաճառողուհին ոստիկաններին հայտնեց, որ որպես հաճախորդ դեղատուն մտած տղամարդը սեղանի վրայից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր ու փող:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործությունը, այսպես ասած, «տաք հետքերով» բացահայտելու ուղղությամբ:

Շուտով կասկածյալը՝ վանաձորցի Արա Արթենյանը հրավիրվեց ոստիկանություն և խոստովանեց կատարածը:

Անձնական խուզարկությամբ Արթենյանի մոտից հայտնաբերվեց կանացի դրամապանակը:

Փաստի առթիվ ոստիկանության Տարոնի բաժնում կողոպուտի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ և ուղարկվեց քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն. Արա Արթենյանը ստորագրությամբ բաց թողնվեց:

Հաջորդ օրը՝ մարտի 23-ին, այս անգամ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները՝ համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արա Արթենյանին Վանաձորի Մյասնիկյան փողոցից բերման ենթարկեցին ոստիկանության Բազումի բաժին:

Անձնական զննությամբ նրա վերարկուի ծոցագրպանից հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման ներարկիչ,՝ 2 մլ. դեղնագորշավուն հեղուկով:

Ըստ Արա Արթենյանի հայտարարության՝ հայտնաբերվածը կոդեին թմրամիջոց է, ինչը նա պատրաստել էր մարտի 22-ին Վանաձոր թաղամասի հարակից անտառում՝ հետագայում ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից