Իրավական 

Հայրս չի կարողանում գոյատևել հիվանդանոցային պայմաններից դուրս, ինչո՞ւ են կալանքի տակ պահում. Նորայր Հովհաննիսյան

analitik.am

Մարտի 12-ին ԱԱԾ աշխատակիցները մտել են ինսուլինակախյալ շաքարային դիաբեթով տառապող, 10 տոկոս տեսողություն ունեցող, սայլակով տեղաշարժվող Կոնստանտին Հովհաննիսյանի տուն և ձերբակալել  նրան: Այս մասին Analitik.am-ին հայտնեց Կոնստանտին Հովհաննիսյանի որդի Նորայր Հովհաննիսյանը։ Նորայրի խոսքով, Կոնստանտին Հովհաննիսյանին որոշ  մեղադրանքների հիման վրա ԱԱԾ-ն կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

Կոնստանտին Հովհաննիսյանի որդին տեղեկացրեց, որ իր հայրը օրվա մեջ ընդունում է 120-ից մինչև 270 միավոր ինսուլին, այն դեպքում, երբ օրը 60-ից բարձր միավոր ընդունած ինսուլինի դեղաչափը բավարար հիմք է կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու համար, քանի որ 60 միավորից բարձր ստացողների համար կալանքը օրենքով անթույլատրելի է․ «Նա տառապում է կալանքի հետ անհամատեղելի համարվող հիվանդություններով՝ դիաբետիկ ռետինոպաթիա, դիաբետիկ անգիոպաթիա, դիաբետիկ նեֆրոպաթիա: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Դիալիզի հետևանքով նրա ձախ աչքը չի տեսնում, իսկ աջի տեսողությունը 10 տոկոս է: Մշտապես ընդունում է իմունոդեպրեսիվ դեղամիջոցներ, քանի որ ամեն րոպե երիկամի արտազատման վտանգ կա»:

Նորայրը նշեց, որ իրենց փաստաբանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը մերժվել է դատավորներ Դավիթ Հարությունյանի և Դավիթ Գրիգորյանի կողմից, որից հետո  վերաքննիչ բողոք են ներկայացրել․ «Մարդը փաստացի հնարավորություն չունի խուսափել քննությունից: Ո՞ւր պետք է գնա մարդը, որն առանց բժշկի ու դեղորայքի կյանք չունի»,- ասաց Նորայրը։

Նորայրը նշեց նաև, որ իրենք գրություններ են ներկայացրել այն մասին, որ իրենց հայրն ամեն հինգշաբթի պարտադիր զննում պետք է անցնի․ «Սակայն, իրենք դա չընդունեցին, որի հետևանքով էլ հայրիկիս ոտքի մատը կտրեցին՝ ժամանակին բուժում չստանալու հետևանքով»։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս խնդիրի մասին նույնիսկ ԱԺ պատգամավորներին են տեղեկացրել, սակայն արդյունք չկա․ «Պատգամավոր Շաքե Իսայանն ԱԺ-ում խոսեց այս մասին՝ նշելով, որ կալանքը կյանքի հետ անհամատեղելի է, սակայն, արձագանք չեղավ, նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եկավ հիվանդանոց»։ Նորայրի խոսքով, Կոնստանտին Հովհաննիսյանին տեղափոխել են Արմավիրում գտնվող ՔՀԿ, որտեղ մերժել են նրան պահել՝ առողջական ծանր վիճակից ելնելով, այնուհետև Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ նույնպես չեն ընդունել․ «Միայն Աստղիկ բժշկական կենտրոնում համաձայնվեցին ընդունել, որտեղ էլ մենք մեր միջոցներով ենք պահում»։

Նորայր Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց վերաքննիչ բողոքը մոտ օրերս կքննարկեն․ «Չեմ հասկանում, ինչու՞ են որոշում ընդունել կալանավորելու, եթե հայրս հիվանդանոցային պայմաններից դուրս չի կարող գոյատևել»։

Արտյոմ Առաքելյան 

 

Նույն շարքից