Իրավական 

Վատ որոշում է

analitik.am

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Էլեկտրիկ Երևանի» դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։

Հիշեցնենք, 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց,  21 տուժած լրագրողներից 3-ը դիմեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: ԽԱՊԿ-ի փաստաբանները ներկայացրել են նրանց շահերն իրավապահ մարմինների հետ հարաբերություններում։ Կազմակերպությունը հետևել է գործի ընթացքին՝ մշտապես հարցումներ ուղարկելով ՀՔԾ, ու արձանագրել նախաքննության անարդյունավետությունը:

Այս կապակցությամբ ԽԱՊԿ-ն աջակցել է լրագրողներին՝ բողոքով դիմել  միջազգային ատյաններ: Երկու լրագրողների  գործն  ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան: Թեև ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն կոմունիկացրել էր (շրջանառության մեջ էր դրել) բողոքը, սակայն  ի վերջո հորդորել էր նախ  երկրի ներսում սպառել բոլոր հնարավորությունները:

Մինչդեռ, ՀՔԾ-ն, կասեցնելով քրեական գործը, մեկ անգամ ևս ապացուցեց, որ այն ամբողջությամբ բացահայտելու ցանկություն չունի։

«Վատ որոշում է,- արձագանքելով մեր խնդրանքին՝ մեկնաբանել դատարանի որոշումը, ասաց գործով զբաղվող ԽԱՊԿ փաստաբան Կարեն Տոնոյանը։- Գտնում եմ, որ դատարանի կողմից ՀՔԾ-ի կասեցման որոշումը պետք է վերացվեր և գործի նոր քննություն իրականացվեր, որովհետև այն բոլոր նյութերը, որ քննիչը ներկայացրել էր դատարան, ևս հիմնավորում էին, որ իրականացվել է թերի քննություն, որ անհրաժեշտություն կա շարունակելու քննությունն ու վերացնելու թերությունները»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

 

Նույն շարքից