Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի դեմ Վահան Շիրխանյանի տված երկու հաղորդման հիման վրա քրգործ չի հարուցվի. ՀՔԾ

analitik.am

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակում նշված 1998 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու դրվագով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանին:

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի ընթացքում Վահան Շիրխանյանը բացատրություն է տվել նաև ՀՀ ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչությունից Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քաղաքացիության վերաբերյալ կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասին:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով. ընտրությունների արդյունքները կեղծելու մասով մերժվել է քրեական հետապնդման ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու, իսկ ԱՎՎ-ից կեղծ տեղեկանքներ տրամադրելու մասով` անձի նկատմամբ նույն մեղադրանքից հրաժարվելու մասին դեռևս 2000 թ.-ին կայացված չվերացված որոշման առկայության հիմքերով», - ներկայացրել է խոսնակը:

ՀՔԾ-ն այս որոշումը կայացրել է օրերս։

Շիրխանյանը օրերս «Առաջին լրատվականին» էր տրամադրել 23 կետից կազմված մի նամակ, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին և արձագանքն էր 2-րդ նախագահի հրապարակած գրքի։ Նույն նամակի հետքերով Վահան Շիրխանյանը հրավիրվել էր ՀՔԾ, տվել բացատրություն, որից հետո հայտարարվեց, որ ՀՔԾ-ում 1998 թվականի ընտրությունները կեղծելու դրվագով նյութեր են նախապատրաստվում:

 

Նույն շարքից