Օրերս ոստիկանության Մեղրիի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացվեցին, որոնք իրացվեցին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի Մեղրիի զորամասի ծառայողների համատեղ միջոցառումներով։
Մեղրիի սահմանայնին անցակետի չեզոք գոտում զննվեց Իրանի քաղաքացի, 56-ամյա Ղասեմ Նադիմիի «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան։
Հայտնաբերվեց տարբեր գույների հոգեներգործուն 8 դեղահաբ։
Դարձյալ Մեղրի սահմանային անցակետում իրավապահները զննեցին նաև 34-ամյա Էսմայիլ Ռահագոզարիի «Պեժո» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդի կողքի նստելատեղին հայտնաբերվեց հոգեներգործուն 10 դեղահաբ։ Նախնական տվյալներով՝ դեղահաբերն ընկել էին նրա կնոջ գրպանից։
Զննության ենթարկվեց նաև դարձյալ Իրանի քաղաքացի 64-ամյա Հոսսեին Սաեեդիի «Սկանիա» մակնիշի ավտոբուսը։ Իրավապահները վարորդի նստելատեղի մոտ հայտնաբերեցին հոգեներգործուն 1 դեղհաբ, ինչպես և պոլիեթիլենային փաթեթներ՝ ափիոնանման զանգվածենրով։
Մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեղրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հայտնաբերված դեղահաբերն ու ափիոնանման զանգվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Դեպքերի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։