Իրավական 

Էջմիածնում սպանության գործով ձերբակալվածներից մեկը երիտասարդ աղջիկ է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածին քաղաքի բնակչի սպանությունը: Երկու անձ ձերբակալվել է:

2019թ. ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Էջմիածին քաղաքի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ վերջինս չի կարողանում կապ հաստատել իր կնոջ հոր` նույն քաղաքի՝ 1938թ. ծնված բնակչի հետ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը դարձել է սպանության զոհ:

Նախնական տվյալներով՝  2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա տղամարդուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գտնվող շենքի բնակարաններից մեկը, վերջինիս կապել են կպչուն ժապավենով, գույքը հափշտակելու նպատակով խառնել տան իրերը, այնուհետև՝ բութ, կոշտ առարկայով շուրջ հինգ հարված հասցրել նրա՝ կենսական օրգան հանդիսացող գլխի շրջանում: Արդյունքում՝ Էջմիածին քաղաքի 81-ամյա բնակիչը մահացել է:

Իրենց հանցավոր մտադրությունը շարունակելու նպատակով նույն անձինք մուտք են գործել նույն փողոցում գտնվող, 81-ամյա տղամարդուն պատկանող կոնյակի խանութ, այնուհետև վերջինիս ավտոտնակից հափշտակել են նրան պատկանող «Lexus RX 330» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1990թ., մյուսը՝ Արարատի մարզի բնակիչ՝ ծնված 1971թ.: Վերջիններս ձերբակալվել են՝ ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • 22
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    24
    Shares

Նույն շարքից