Ապրիլի 30-ին մասնակցեցի «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ավարտական միջոցառմանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը։
Կարևորելով ժամանակի հրամայականը բավարարող էլեկտրոնային համակարգերի ստեղծումը՝ նշեցի, որ այդ առումով Արդարադատության նախարարությունը դրական փորձառություն ունի. դեռևս 2008 թվականից Նախարարության կողմից մշակվել և ներդրվել են մեկ տասնյակից ավելի էլեկտրոնային համակարգեր: Էլեկտրոնային դատարան համակարգը այն համարձակ նորարարությունն է, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ: Ծրագրի գործարկման արդյունքում ակնկալում ենք, որ դատարանները կներկայանան նոր հեղափոխական մոդելով, մասնավորապես, կիրականացվեն մի շարք բարեփոխումներ: Այդ շարքում կարևորում եմ քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմում ներկայացնելու հնարավորության ստեղծումը, մեկ ատյանի դատարանից մյուս ատյանի դատարան գործը էլեկտրոնային եղանակով փոխանցելու հնարավորությունը, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառության անցումը էլեկտրոնային եղանակի, էլ. եղանակով գործի բոլոր նյութերին ծանոթանալու տեխնիկական հնարավորությունը, Էլեկտրոնային ծանուցումների համակարգի ներդրումը, որը թույլ կտա գործարկել դատարանների և կողմերի միջև էլեկտրոնային ծանուցման բոլոր հնարավորությունները, փաստաբանների էլեկտրոնային ռեեստրի ստեղծումն ու էլեկտրոնային դատարան համակարգի համակցումը բոլոր անհրաժեշտ էլեկտրոնային կառավարման համակարգերին: Մենք գիտենք, որ ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է:
Մենք պետք է ոչ միայն դատարան «մուտք գործելը» դարձնենք մատչելի, այլև այնտեղից «դուրս գալը», որպեսզի արագ վրա հասնի վեճի հանգուցալուծումը: Այդ խնդրի լուծմանը հասնելու նպատակով ծրագրեր ենք իրականացնում դատարանները բեռնաթափելու նպատակով: Գիտեք, որ արդյունավետ կառավարման գիտակարգը հանգել է հետևյալ բանաձևին՝ 100 հազար բնակչի հաշվարկով պետք է լինի 21 դատավոր, իսկ այսօր Հայաստանում դրանց թիվը 7-ն է, և Հայաստանը Եվրոպայի խորհրդում եզրափակիչ տեղում է: Այս առումով դեռ անելիքներ ունենք: Արդարադատության նախարարությունը, կարևորելով, էլեկտրոնային արդարադատության գործիքների լիարժեք ներդրումը, քաղաքացիներին և գործարարներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը, հետևողական է լինելու այս համակարգի ներդրմանը և հետևողական զարգացմանը: Տեղեկացնեմ նաև, որ ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով:
Այս կերպ հնարավոր է ապահովել գործող համակարգից նորին սահուն անցումը: E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական որոշումների կանխատեսելիությունը, դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:
ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան