Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ Մարտի 1-ին Արցախից զինվորներ բերելու մասին

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այս պահին դատարանում հայտարարությամբ հանդես է գալիս երկրորդ նախագահը:

Իր հայտարարության մեջ, անդրադառնալով մեղադրանքի այն մասին, որ Մարտի 1-ի հայտնի իրադարձությունների ժամանակ Արցախի բանակից ուժեր են բերվել Հայաստան, Քոչարյանը նշեց, որ այդ մասին չի խոսի, եթե մեղադրող կողմը հրաժարվի այդ կետից: Ի վերջո որոշվեց, որ Քոչարյանը կարող է խոսել այդ թեմայի մասին:

Քոչարյան նոր էր սկսել իր խոսքը՝ մեջբերում անելով Մովսես Հակոբյանի ցուցմունքից, երբ նրան հայտնեցին, որ Արցախի նախագահները եկել են դատարան:

Դատախազներից մեկը նշեց, թե դատելով Քոչարյանի խոսքից, կարելի է ենթադրել, որ ցուցմունք է հրապարակվելու, ինչի մասով դատախազության դիրքորոշումը չի փոխվել. «Մենք այստեղ արդարադատության շահի հետ կապված խնդիր ենք տեսնում  այն տեսանկյունից, որ անձինք որպես վկա հետագայում անմեղության սկզբունքը պահպանելով պետք է հարցաքննվեն: Եթե հիմա ցուցմունք հրապարակվի, մենք խնդրի առաջ կկանգնենք»:

Ի վերջո որոշվեց ընդմիջում հայտարարել: Դատական նիստի մեկնարկից հետո նախ լուծվելու էր երաշխավորության հարցը:

Ընդմիջումից հետո պարզվեց, որ Արցվախի նախագահները ժամը 17:00-ին են ժամանելու, ուստի Քոչարյանը շարունակեց ելույթը:

Քոչարյանը նշեց, որ իր ասելիքը պետական գաղտնիք է պարունակում, դրա համար կցանկանար, որ այդ մի կտորի համար լրագրողները դուրս գան. Այստեղ լուրջ մեղադրանք է կապված Արցախից զինվորներ բերելու հետ:

Քոչարյանն ասաց, որ  Արցախի ԶՈւ-ից մեկ մարդ չի բերվել Հայաստան Հաանրապետություն. «Մեկ մարդ չի բերվել, հետո կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը: Ապօրինի ներգրավման մասին գրվածն իրականությանը չի համապատասխանում: Եթե իրենք գործի նյութերին ծանոթ լինեին, նման բան չէին գրի: Իրենց կառույցում կա զինդատախազություն, որը պետք է տիրապետի ՊՆ-ի կառուցվածքին: Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ-ի կառուցվածքին, էլ ի՞նչ ասեմ, ասելու բան չունեմ»:

Նույն շարքից