Իրավական 

Քոչարյանի պաշտպանները պարզաբանեցին, թե ինչու է Մարտի 1-ին գումար բաժանվել զինվորներին

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ դատախազը նշեց, որ իշխանությունները նախօրոք իմացել են, որ զինվորները պետք է ցրեն ցույցը, դրա համար տարել ու նախօրոք սովորեցրել են դա անել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր՝ մայիսի 17-ին, հայտարարեց երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

«Տրամաբանական շարքը շարունակեմ: Եթե զինվորներին պետք է օգտագործեին ցույցը ցրելու համար, ոստիկաններ չէին բերի, զինվորներին միանգամից կբերեին, որ ցրեին: Զինվորները ցույց ցրելու գործընթացին, ըստ էության, չեն մասնակցել, կանտակտը եղել է շատ սահմանափակ: Բայց քանի որ ռիսկ կար, որ բախումների խնդիր կարող է առաջանալ, ելնելով միջազգային լավագույն փարձից, այդ կանտակիտից առաջ պարտավոր էին զինվորներին տալ սկզբնական տեղեկություններ, թե ինչպես է դա արվում: Երբ այս փաստը դեռ չկար, ասում էին, թե ինչպես կարող են զինվորները հասարակական կարգ պահել, եթե ոստիկանության նման հատուկ ուսուցում չեն անցել: Իսկ հիմա, երբ պարզվում է, որ այդ տրեյնինգ անցել են, ասում են, որ վատ է»,-ասաց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է զինվորներին գումար բաժանելուն, Օրբելյանը նշեց, որ Սասուն Խաչատրյանն իր հայտարարության ժամանակ ցույց է տվել Պաշտպանության նախարարության փաստաթուղթը. «Եթե ուզում ես ինչ-որ բան թաքցնել, պաշտոնական փաստաթուղթը չես կազմում ու արխիվացնում: Այդ գումարները բաժանվել են ՊՆ-ի կողմից: Ինչ է եղել, կքննարկենք կհասկանանք, թե ինչ կապ ունի դա պարոն Քոչարյանի հետ: Նրանք նշում են, որ մասնավոր անձանցի գումար են բաժանել: Եթե մասնավոր անձանցից է եղել, դա չի կարող լինել ՊՆ-ի տեղեկագրով»:

Պաշտպան Հովհաննես Խուդոյանն իր հերթն ասաց, որ այդ գումարները նախապես չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, դրանք տրվել են հետագայում արտակարգ դրության ժամանակ ներգրավված զինծառայողներին. «Եթե դա ներկայացվում է բացասական երևույթ, թող մեկնաբանություն տրվի, թե օրենքի ինչ պահանջի է դա հակասում, արդյո՞ք դա հանցագոծություն է: Արդյո՞ք մասնավոր միջոցից զինծառայողին վարձատրություն տալը կարող է համարվել հանցագործություն: Եթե ոչ, խնդրում եմ չշահարկել այդ հանգամանքը»:

 

Նույն շարքից