Իրավական 

«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի վարույթը կարճվել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել էր, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանն է: Վերջինս ճանաչվել էր տուժող:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամիկրոմասնիկային, դատանյութագիտական, որոնց եզարկացություններն ստացվել են:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի հատվածում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել Արթուր Սահակյանի և ակումբի տնօրենի միջև, որի ժամանակ վերջիններս միմյանց դանակներով հարվածներ են հասցրել:

Նախաքննության ընթացքում պարզվել է վիճաբանության շարժառիթը: Ըստ քննության տվյալների՝ ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը վերջինիս կողմից «Վարդա» գիշերային ակումբ հաճախելու, ակումբի աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հիշյալ ակումբում հետագայում վճարելու պայմանով ժամանց անցկացնելու պատճառով գտնվել են անհաշտ հարաբերությունների մեջ և ակումբի տնօրենն արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանը, իր ընկերների հետ միասին, ժամանել է նշված գիշերային ակումբ, մուտք գործել ակումբի նախասրահ, որտեղ ակումբի աշխատակիցն արգելել է նրա մուտքը ակումբ:

Պարզաբանումներ պահանջելու նպատակով Արթուր Սահակյանը գնացել է ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս կրկին արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

Նույն օրը՝ ժամը՝ 04-ից  05:30-ի սահմաններում, Արթուր Սահակյանը միայնակ վերադարձել է գիշերային ակումբ և իրեն գիշերային ակումբ չթողնելու դրդապատճառով վիճաբանել ակումբի տնօրենի հետ: Այդ ընթացքում սուր կտրող-ծակող գործիքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Պարզվել է, որ  Արթուր Սահակյանը դանակով հարվածել է ակումբի տնօրենի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին՝ գլխի հատվածին, ճակատաքունքային շրջանին: Իսկ ակումբի տնօրենը, այլընտրանք չունենալով, գիտակցելով, որ Արթուր Սահակյանը չի դադարեցնում ոտնձգությունը ուղղված իր կյանքի  դեմ, բռնել է վերջինիս ձեռքը և խլել դանակը: Այդ ընթացքում Ա.Սահակյանը մյուս ձեռքի դանակով շարունակել է թափահարել տնօրենի ուղղությամբ, իսկ վերջինս էլ, արդեն իսկ ուժասպառ լինելով և այլևս չկարողանալով բռունցքներով պաշտպանվել, Արթուր Սահակյանի ձեռքից խլած դանակով փորձել է հարվածել վերջինիս ոտքին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն հարվածը դիպել է նրա որովայնի հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով Ա. Սահակյանը մահացել է ծանր հեմոռագիկ շոկից՝ առաջ բերելով արտաքին և ներքին սուր, մասիվ արյունահոսություն:

2018 թվականի օգոստոսի 06-ին ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

2018 թվականի նոյեմբերի 5-ին Արարատի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ակումբի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողությունների կատարման ճանապարհով գործով հավաքված ապացույցները ենթարկել է բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, ինչպես նաև՝ մի շարք վերաբերելի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության պատճառաբանություններով քննիչը որոշում է կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ամփոփելով ձեռք բերված ապացույցները՝ հիմնավորվել է, որ մեղադրյալի գործողությունները առերևույթ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրյալի՝ գիշերային ակումբի 34-ամյա տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով (Անհրաժեշտ պաշտպանությունը) սահմանված կարգով, վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը քրեական գործի հետ միասին ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • 91
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    93
    Shares

Նույն շարքից